կարևոր
1024 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-09 09:22

Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը չէր կարող չկործանել Արցախը․ Հրանտ Բագրատյան

Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը չէր կարող չկործանել Արցախը․ Հրանտ Բագրատյան

Սիրելի հայրենակից։ Շնորհավորում եմ կրկնակի տոնակատարության՝ Հայրենական մեծ պատերազմում և Շուշիում տարած հաղթանակների կապակցությամբ։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Մեծ հաշվով երկու դեպքում էլ հաղթել ենք թուրքին։ Ցավոք, Շուշին մեր իսկ հիմարության պատճառով ձեռքներիցս բաց թողեցինք։ 2018-ին մի խումբ մարդիկ թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարի անունով հեղափոխական շարժում ծավալեցին։ Արդյունքում, պատերազմ, պարտություն, 11 հազ քառ կմ տարածքի կորուստ, Շուշվա և Հադրութի կործանում։ Թալանի դեմ պայքարողները ցայսօր, անցել է ավելի քան 4 տարի, լուրջ ոչինչ բյուջե չեն մուտքագրել։ Հա, ինչ–որ մի քանի հոգի բռնել են, իրենց ուզածը վերցրել։
Միևնույնն է, թալանը ետ չի բերվել, իսկ հեղափոխական պայքարի ելած ամբոխի եկամուտներն ավելացել են 0 լումայով։ Ավելին, 2020 թ․ պատերազմը խլեց հազարավոր երիտասարդների կյանքեր։ Դեռ 2018-ին բացատրում էինք, որ սոցիալ-քաղաքական շարժումները պետք է ելնեն հանուն ինչ-որ բանի, այլ ոչ թե ընդդեմ այս կամ այն մարդկանց ու դրանց խմբերի։
Թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող երկար ժամանակահատվածում կոնսոլիդացնել հանրությանը։ Ի վերջո, անպայման, այն հանգեցնում է հասարակության բևեռացմանը մերոնց ու նրանց, սևի ու սպիտակի։ Թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարը մշտական, էվոլյուցիոն գործընթաց է։ Այն բնութագրում է գործունեության որակը, այլ ոչ թե նպատակը։ Եթե թալանը դառնում է պետության գործունեության նպատակ, ապա միշտ էլ մոգոնվում են թալանչիներ։ Ասում էինք, լսողն ո՞վ էր։
Արմատական հեղափոխություն ապրած հասարակությունները ոչինչ չեն շահել, բացի դարակազմիկ խառնակչություներից։ Ի՞նչ են շահել Գրաքոս եղբայրները Հռոմում, ի՞նչ տվեց հեղափոխությունը Անգլիային, Ֆրանսիային կամ բոլշևիկյան Ռուսաստանին։ Ոչինչ։
Մի քանի տարի հետո (կան բացառություններ ժամկետների առումով) ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր։ Եվ ընդհանրապես, զարգացման երկարաժամկետ տրենդի վրա են այն հասարակությունները, որոնք կարողացել են ապահովել էվոլյուցիոն, այլ ոչ թե ռևոլյուցիոն զարգացում։ Պոպուլիզմը հեղափոխականների հիմնական որակն է։ Իսկ պոպուլիստական քաղաքական գործիչները պարզապես չեն կարող զարգացման մոդել առաջարկել. եթե գիտելիք ունենային, պոպուլիստ չէին լինի։ Վերջին 32 տարիներին, բացառությամբ 1-2 դեպքերի, Հայաստանում բոլոր համապետական ընտրություններն անցել են պոպուլիզմի դրոշի ներքո։
Հասարակությունը չի կարողանում ու չի ուզում դիսկուրսի մեջ մտնել։ Հազիվ–հազ ուզում էր մի փոքր շտկվել և ահա քեզ 2018-ի այլանդակ «հեղափոխությունը»։ Իսկ ի՞նչ է, մի՞թե այդպես չէր մինչ այդ։ 1998-ին և 2003-ին մի կերպ խուսափեցինք պոպուլիզմի, գուցեև մեղմ, տարբերակից։ 2013-ին Ր. Հովհաննիսյանի հաղթանակի դեպքում Արցախն ու Շուշին արդեն վաղուց էինք հանձնել։ Ն. Փաշինյանի պոպուլիզմը չէր կարող չկործանել Արցախը։ Եթե 2018-ին ընտրություններում նա չէր հաղթում, ապա միևնույնն է՝ ԱԺ մտած մյուս 2 քաղաքական ուժերը նույն պոպուլիստներն էին։
Պոպուլիստ քաղաքական գործչին պետք է, որ նա ոչ թե ազգի հետ գործ ունենա, այլ ամբոխի, ժողովրդի։ Ազգն ունի գոյատևման կայուն սկզբունքներ, ժամանակակից աշխարհում հարատևելու տեսլական, սիստեմատիկ քրտնաջան աշխատանքի կարիք, լուռ ու մունջ իր խաչը տանելու կարողություն։
Այդ քրտնաջան աշխատանքի ընթացքում ազգն էվոլյուցիոն ճանապարհով ստեղծում է ինստիտուտներ, որոնք բացառում են խաբեությունն ու հանրային ռեսուրսների յուրացումը։ Ժողովուրդը հանրության գոյատևման ավելի հեղհեղուկ վիճակն է, անկանխատեսելի, ավերիչ, դրականը մերժող և վրեժխնդիր (ներքին)։ Ազգի դեպքում մարդիկ աշխատում և հաշվում են իրենց եկամուտները, մինչդեռ ամբոխները սիրում են հաշվել ուրիշների եկամուտները։
Ե՞րբ Շուշին, կրկին, հայկական կդառնա։ Երբ մենք վերստին հախուռն ժողովրդից ազգ կդառնանք»,- գրել է նա։