20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Աշխարհը պետք է իմանա, որ խաղաղության տխրահռչակ օրակարգից բացի մեզ համար ազգային արժանապատվության կարմիր գծեր կան: Այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը:
«Ինչի մասին պետք է մենք խոսենք արտաքին աշխարհի հետ:
Երեք թեմա, որոնք երկրներն այսօր ակնհայտորեն առաջ են քաշում արտաքին հարաբերություններում. խաղաղության օրակարգը տարածաշրջանում, Հայաստանի իշխանությունների ժողովրդավարական բնույթը եւ ընդդիմություն-ռեւվանշիստները:
Նախապատերազմական Հայաստանի այսպես կոչված՝ ժողովրդավարական բնույթը չի կանգնեցրել ավտորիտար Ադրբեջանի ագրեսիան եւ չի կանխել հազարավոր մարդկանց մահը: Արդյո՞ք հետպատերազմական Հայաստանի այսպես կոչված՝ ժողովրդավարական բնույթը նոր, ավելի գլոբալ ազգային աղետի պատճառ կդառնա:
Հայաստանի ժողովրդավարական կերպարն անհրաժեշտ է առավելագույնս օրինականացնելու համար բոլոր ապագա հակահայկական որոշումները, որոնք իրենց էությամբ ուղղված են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն եւ Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը: Իսկ երկրի ներսում ավտորիտարիզմի ամրապնդման վրա աչք կփակեն, որպեսզի գործող իշխանությունները կարողանան ապահովել ընդունված հակահայկական որոշումների իրականացումը:
Միջազգային հանրությունը պետք է տեսնի եւ լսի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք այլ կերպ են ընկալում հետպատերազմական իրականությունը եւ տարածաշրջանում համագործակցություն ու երկխոսություն հաստատելու եղանակները: Եվ դա ռեւանշիզմ չէ, այլ ձգտում՝ վերականգնելու եւ պահպանելու ազգային արժանապատվությունը:
Երկրի սահմաններից այն կողմ մեզ ասում են. ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը խոսում են խաղաղության, նոր հնարավորությունների մասին, եւ մենք չենք կարող չաջակցել այդ երկխոսությանը: Այդ գործընթացի անտեսանելի մասում ակնհայտ են հակառուսական շարժառիթները: