կարևոր
3196 դիտում, 3 ամիս առաջ - 2022-05-08 01:06

Գաղտնալսումների հիման վրա՝ ապօրինաբար ձերբակալվել են ՀՅԴ երկու անդամներ. Արծվիկ Մինասյան

Գաղտնալսումների հիման վրա՝ ապօրինաբար ձերբակալվել են ՀՅԴ երկու անդամներ. Արծվիկ Մինասյան

Երեկ` մայիսի 6-ին՝ վաղ առավոտյան, Արմավիր քաղաքում ապօրինաբար ձերբակալվել են ՀՅԴ մարզային կառույցի երկու անդամները։ Ձերբակալությունը տեղի է ունեցել գաղտնալսումների հիման վրա՝ առանց որևէ իրավական հիմքի։ Տեղի է ունեցել նաև խուզարկություն Դաշնակցության գրասենյակում։ Այս մասին Yerkirmedia.am-ին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Դատարանը որոշում է կայացրել բավարարել Այգեշատ գյուղի բնակիչ Ալեքսան Ալեքսանյանին 2 ամսով կալանավորելու մասին՝ նախաքննության մարմնի միջնորդությունը։ Նշենք, որ Ալեքսան Ալեքսանյանը արցախյան 3 պատերազմների մասնակից է և ունի առողջական բազմաթիվ խնդիրներ, սակայն դատարանը, հաշվի չառնելով ներկայացված հանգամանքները, ինչպես նաև կալանավորման համար իրավական պատշաճ հիմքերի բացակայությունը, կայացրել է կալանավորման մասին որոշում։

Դատարանում այս պահին քննվում է ՀՅԴ անդամ Արամայիս Մխիթարյանի՝ կալանքի միջնորդությունը։

«Նկատի ունենալով օրվա քաղաքական իշխանության, այս ռեժիմի հետևողական, ճնշողական բնույթը՝ այստեղ մենք կունենանք բացասական որոշում՝ կարծում եմ, որ ապօրինի կազատազրկվի նաև մեր մյուս ընկերը։ Ուզում եմ արձանագրել, որ այս պայքարը կասեցնել հնարավոր չէ, և օրվա իշխանությունը պետք է գիտակցի, որ չի կարող նույնիսկ միջազգային իրավունքում ամրագրվող քաղաքական կուսակցության հետապնդման արգելման մասին նորմը կիրառել որպես հիմնական զենք։ Ոչ միայն մարդու և քաղաքացու հանդեպ է հետապնդում իրականացվում, այլև քաղաքական ուժի»,- մեզ հետ զրույցում նշեց Արծվիկ Մինասյանը։