«Հրապարակ» թերթը գրում է․
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով դատավոր Մանվել Շահվերդյանը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել: Ըստ մեր տեղեկության՝ ինքնաբացարկի պատճառն այն է, որ դատավորը լուրջ մտավախություններ ունի առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելուն առնչվող այս գործի ապագայի հետ կապված եւ չի ցանկանում պատասխանատվություն կրել չհիմնավորված մեղադրանքները դատարանում լեգիտիմացնելու համար:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով դատաքննությունն անընդհատ արհեստական կերպով ձգձգվում է: Վերջին նիստն այս գործով կայացել է մարտի 29-ին: Պաշտպանական կողմը միջնորդել էր փոխել Տոնոյանի խափանման միջոցը: Քննարկումը հետաձգվեց: Սպասվում էր, որ մայիսի 2-ին նշանակված նիստի ժամանակ որոշում կընդունվի, սակայն մայիսի 2-ի նիստը եւս հետաձգվեց: Այն նշանակվել է 3 շաբաթ անց՝ մայիսի 23-ին, սակայն որեւէ երաշխիք չկա, որ այն դարձյալ չի հետաձգվի:
Պաշտպանության նախկին նախարարի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը դեռ հունվարին էր դատավորի ինքնաբացարկը պահանջում՝ պատճառաբանելով, թե դատարանը միանձնյա՝ առանց պաշտպանական կողմի դիրքորոշումը լսելու, դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Միջնորդությունը մերժվել էր: Սերգեյ Հովհաննիսյանին հարցրինք, թե հնարավո՞ր է համարում, որ դատավոր Շահվերդյանն ինքնաբացարկ հայտնի: «Չեմ բացառում: Ամեն ինչ հնարավոր է՝ հաշվի առնելով գործի անորոշ ապագան: Այսինքն՝ մեզ համար որոշակի, իսկ որոշ անձանց համար՝ անորոշ: Ցանկացած իրավաբան, դատավոր, եթե ծանոթանա գործի նյութերին, ինքնաբացարկ է հայտնելու»,- ասաց Սերգեյ Հովհաննիսյանը:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համար