կարևոր
2356 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-06 21:40

Միսիսիպին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միսիսիպին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով դառնալով ամերիկյան վերջին նահանգը, որը 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածը անվանում է իր անունով՝ ցեղասպանություն: Պատմական այս իրողության ընդունումից որոշ ժամանակ առաջ Միսիսիպիի նահանգապետ Թեյթ Ռիվզը նաեւ ապրիլը հռչակել էր որպես ցեղասպանության իրազեկման եւ կանխարգելման ամիս: 
Թե՛ Միսիսիպիում, թե՛ ամերիկյան մյուս նահանգներում ցեղասպանության ճանաչման հարցում մեծ նպաստ ունեցած Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբից նշում են՝ երբ պատշաճ կերպով ոգեկոչում եւ մարդկանց տեղեկացնում են այնպիսի պատմական փաստերի մասին, ինչպիսին՝ Հայոց ցեղասպանությունն է, հնարավորություն է ստեղծվում վերջ դնելու նման վայրագություններին: Այսօր, փաստացի, Հայոց ցեղասպանության իրողությունը ճանաչել են Ամերիկայի բոլոր 50 նահանգները, Կոնգրեսի 2 պալատներն ու երկրի նախագահը: 
Արդեն 2 տարի է, ապրիլքսանչորսյան ուղերձում Ջո Բայդենը կիրառում է «ցեղասպանություն» եզրույթը, ինչից ցնցումների մեջ է հայտնվում Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Էրդողանն այս տարի էլ քննադատել է Միացյալ Նահանգների նախագահին՝ հորդորելով պատմություն սովորել, այսինքն՝ այն կեղծ թեզերը, որոնք Թուրքիան է պետական մակարդակով առաջ տանում՝ պնդելով, թե իբր հայերի ցեղասպանություն չի եղել: 

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում