կարևոր
484 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-06 12:16

Դատավորների միության նախագահը դիմել է միջազգային կառույցներին՝ ՀՀ-ում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցով

Դատավորների միության նախագահը դիմել է միջազգային կառույցներին՝ ՀՀ-ում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցով

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հրավիրում է միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրությունը՝ Հայաստանում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցով։

Հայտարարությունը՝ ստորև.

«Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով) 

 Եվրոպայի խորհրդի՝ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբին (ԳՐԵԿՈ)

 ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին

 Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին 

 Դատավորների միջազգային միությանը 

 Իրավաբանների միջազգային հանձնաժողովին 

 Դատավորների եվրոպական միությանը 

 Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդին 

 Դատական համակարգի համար գործող եվրոպական խորհուրդների միությանը

Հայաստանի անկախության ողջ ընթացքում ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչները մշտապես զգացել են միջազգային գործընկերների հատուկ վերաբերմունքը դատարանների անկախության ամրապնդման հարցում։ Տևական համագործակցության արդյունքում դատարանների անկախությունը մեզանում լայնորեն ընկալվում է՝ որպես մարդու իրավունքների հիմնարար երաշխիք և ժողովրդավարության զարգացման պարտադիր պայման։ Շնորհակալ եմ Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ ցուցաբերված լայնածավալ ու բազմաբովանդակ աջակցության համար և ակնկալում եմ շարունակական համագործակցություն, սակայն ստիպված եմ արձանագրել վերջին տարիներին ի հայտ եկած որոշակի իրողություններ, որոնք լուրջ սպառնալիք են ստեղծել Հայաստանում դատական իշխանության անկախությանը։

Այդ իրողությունները հանգում են հետևյալին․

1) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից դատավորներին hրապարակայնորեն սպառնալը, այդ թվում՝ կայացված որոշումների համար

1.1․ 2018 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը որոշում է կայացրել նախկին իշխանությունների օրոք բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ կալա­նավորումը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևան քա­ղաքի ընդ­հանուր իրավասության դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը բա­վա­րարելու, դատական ակտը բեկանելու և կալանա­վորման միջ­նորդությունը մերժելու մասին, ինչի հետևանքով տվյալ անձը ազատ է արձակվել։

Նշված որոշումը գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով անմիջապես արժանացել է հրա­պարակային պարսավանքի, ավելին, բազմահազարանոց հանրահա­վաքի ընթաց­քում վերջինս հայ­տա­րարել է․ «Ինչի՞ Հայաստանում դատավոր կա, որ կարա իմ ասածին ասի չէ՞․․․ էդ ո՞վ ա էդ դատավորը, ուզում եմ տենամ:  (․․․)»:

Այնուհետև, վերոհիշյալ դատավորի նկատմամբ տևական ժամանակ իրականացվել է աննախադեպ հանրային ճնշում՝ սոցցանցերում վիրավորանքներ, զրպարտություններ և սպառնալիքներ հնչեցնելու միջոցով, որպիսի հանգամանքը մինչ օրս որևէ գնահատականի չի արժանացել։

1.2․ Նույն գործի, ըստ էության, քննության ժամանակ Երևան քաղաքի ընդհանուր իրավա­սութ­յան դա­տա­րանի դատավոր Դավիթ Գրիգորյանը 2019 թվականի մայիսի 18-ին որոշում է կայացրել նույն պաշտոն­յայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը անձնա­կան երաշ­խավորությամբ փոփոխելու մասին, որի արդյունքում վերջինս կրկին ազատ է արձակվել արգե­լանքից։

Անմիջապես դրա հաջորդ օրը՝ 2019 թվականի մայիսի 19-ին գործադիր իշխանության ղե­կավարը համացանցի իր անձնական էջով բազմահազարանոց լսարանին կոչ է արել 2019 թվականի մայիսի 20-ին արգելափակել ՀՀ բոլոր դա­տարան­ների վար­չական շենքերի մուտքերը: Այդ հորդորին հետևել և դատարանների մուտքերի արգելա­փակմանն անմիջականորեն մասնակցել են գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ արգելելով հանրության, նույնիսկ դա­տավորների մուտքը դա­տարաններ։

Նշված հանգամանքը ողջունվել է քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից։

2) Դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ինստիտուցիոնալ երաշխիքների թուլացում և անբողոքարկելի որոշումների ընդունման համար ձայների բաշխվածության փոփոխում

2.1․ 2019 թվականի մայիսի 20-ին դատավոր Դավիթ Գրիգորյանն արդեն իսկ վերը հիշատակված գործով որոշում է կայացրել՝ վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին, որին հաջորդել են Բարձ­րագույն դատական խորհրդի 10 անդամներից 4-ի, այդ թվում՝ խորհրդի նախա­գահ Գ․Հա­րությունյանի հրաժարա­կան­ները։

2․2․ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ 10 անդամից կազմված ԲԴԽ-ում դատավորների ներ­կա­յաց­­վածությունը կազմում է 50 տոկոս։ Մինչդեռ եվրոպական հեղինա­կավոր կա­ռույցների կարծիքների և առաջարկների համաձայն՝ դատավորների թիվն այդ մարմնում, առնվազն կար­գապահական վարույ­թի քննության և լուծման համար առանձնացվող աշխատանքային խմբերում պետք է լինի գերակշռող, որով կերաշ­խավոր­վի դատարանների և դատավոր­ների արտաքին անկախությունը իշխանության մյուս թևերի հնարավոր նե­րազդեցությունից: Ավելին, ԲԴԽ 5 ոչ-դատավոր անդամներին ընտ­րելու գործըն­թացում պետք է ապահովվեր ընդդիմադիր ուժերի զգալի աջակ­ցութ­յունը։ Միայն այդ կերպ էր հնա­րավոր ապահովել ԲԴԽ-ում հասարա­կութ­յան բազ­մաշերտ ներկա­յաց­­վածութ­յան վերաբերյալ պայ­մանը, որը անհրաժեշտ էր ամրագրել օրենսդրորեն՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում օրենսդրական փոփոխություն­ների ձևով, կամ առնվազն ապահովել գործ­նականում՝ ոչ-դատավոր անդամների թեկնածութ­յուններն առաջադրելիս և նրանց որպես ԲԴԽ անդամ ընտ­րելիս։ Այդպիսի կամք իշ­խանության մյուս թևերը չեն դրսևորել, ուստի ԲԴԽ գործող կազմի 5 ոչ-դատավոր անդամներից 4-ի ընտրության ժամանակ այն չի ապա­հովվել:

2․3․ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի ապրիլի 15-ի որոշման հիման վրա կասեցվել են Խորհրդի նախագահ, գործող դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես՝ մինչև Ռ․Վարդազարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի ավարտը, ստանձնել է խորհրդի անդամ­ներից տարիքով ամենա­ավագը, ով իշխող քաղաքական ուժի թեկնածուն է և այդ պաշտո­նում ընտրվել է ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն կազմող, բացառապես այդ քաղա­քական ուժի ջանքերով։

Արդյունքում, վերոհիշյալ գործընթացի հետևանքով ի վնաս դատավորների՝ խախտվել է Բարձ­րագույն դատական խորհրդի աշխատանքներին, այդ թվում՝ որոշումներ կայացնելուն մաս­նակցելու՝ գիտնա­կան անդամների և դատավորների հա­վասար հարաբերակցությունը, որը պահպանվում է մինչ օրս։

2․4․ 2022 թվականի փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել և հաջորդ օրը, առանց խորհրդարանական ընդդիմության աջակցության, ընդունվել է խորհրդա­րանական մեծամասնությունը կազմող խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ դատական օրենսգիրք սահմա­նադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կա­տա­րե­լու մասին» օրենքի նախագիծը, որով ԲԴԽ-ի կողմից որպես դատարան հանդես գալու դեպքում որոշումների ընդուն­ման համար անհրաժեշտ շեմը նվազեցվել է։ Սահմանվել է, որ այն կազմում է նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան 5-ը։ Մինչ այդ գործող կարգավորմամբ՝ անհրաժեշտ էր 6 ձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և 7 ձայն՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար:

Հարկ է ընդգծել, որ հապճեպորեն ընդունված օրինագիծը հանրային քննարկման չի ներկայացվել, նախապես չի շրջանառվել և չի քննարկվել փաստաբանների, գիտ­նականների և, հատկապես, դատավորների շրջանում, թեև ուղղակիորեն շոշափում է առաջին հերթին դատա­վոր­ների, իսկ միջ­նոր­դավորված կերպով՝ անկախ և անաչառ դատարաններից ար­դարադատություն ակնկալողների իրա­վունքներն ու օրինական շահերը։

2022 թվականի փետրվարի 10-ին կայացած կառավա­րության նիստի ընթացքում բա­ցա­հայտ­վեց տվյալ օրինագիծն հապճեպորեն քննարկման ներկայացնելու և արագորեն ընդունելու բուն նպատակը։ Այսպես, անդրա­դառ­նա­լով ԱԺ կողմից արդեն իսկ ընդունված վերոնշյալ օրինագծին, որն ըն­դամենը վե­րա­բե­րում է ԲԴԽ-ի կողմից գումարվող նիստերի իրավազորության շեմն իջեցնելուն և որո­շումներ ընդու­նելու համար անհրաժեշտ ձայների քանակը նվազեցնելուն, ՀՀ արդա­րա­դատության նախա­րարը հայտա­րարել է, որ դրանով «բարձրացվել է դա­տավոր­ների պատասխանատ­վութ­յան շեմը, այն հնարա­վո­րութ­յուն է տալիս խստացնելու և պատասխա­նատ­­վության ենթարկելու դա­տա­վորներին, ովքեր իրենց աշ­խա­տան­քում թե­րանում են», ավելին՝ իրենք աշխատանք են տանում, որ «վատ դատա­վոր­ները դուրս բերվեն հա­մա­կար­գից»։ Ավելորդ չէ նշել նաև, որ դատելով վերջին ժամանակահատվածում ՀՀ արդա­րա­դատության նախա­րարների կողմից հարուցված կարգապահական վարույթներից, պետք է արձանագրել, որ դրանք հիմնականում հարուցվում են դատական համակարգում և հանրության մեջ մեծ հեղինա­կություն և հար­գանք վայելող դատավորների նկատմամբ։

Օրենքի հիշատակված փոփոխությունը գործում է 2022 թվականի փետրվարի 25-ից։

2․5․ Հեղինակավոր միջազգային կառույցների կողմից բազմիցս արձանագրվել է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ կարգապահական վարույթի արդ­յունք­­ներով ԲԴԽ կայացրած որոշումներն արդյունավետորեն բողոքարկելու ըն­թացակարգ։ Այն փաստացի անբողոքարկելի որոշում է, թեև դրա արդյունքում դա­տավորի լիազո­րութ­յունները կարող են ընդհուպ դադարեցվել։

Հարկ է ընդգծել, որ կարգապահական վարույթի արդ­յունք­­ներով ԲԴԽ կայացրած որոշումների բողոքարկման ընթացակարգը մինչ օրս բացակայում է։

3)  «Պատժի» ցուցադրության տպավորություն

3․1․ 2022 թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել քրեական հետապնդման մարմնի միջնորդությունները` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դա­տարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատ­մամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով քրեա­կան հետապնդում իրականացնելու և նրան կալանավորելու վերա­բերյալ համաձայ­նություն ստա­նալու մասին։

Այդ միջնորդություններն անմիջապես հաջորդել են հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով դատավոր Բ․Բախշիյանի կողմից մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխելու և նրան ազատ արձակելու մասին որոշմանը։ Վերոնշյալ երկու միջնորդություններն էլ ԲԴԽ-ի կողմից 2022 թվականի փետրվարի 1-ին բավարարվել են։ Այնուհետև,  դատավորի նկատմամբ խափանման միջոց կալանա­վորում ընտրե­լու միջնորդություն է ներկայացվել դա­տա­րան, որը բավարարվել է, և դատավոր Բ․Բախշիյանը մինչ օրս գտնվում է անազատության մեջ։

Հարկ է նշել, որ դատավոր Բ․Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է իր վարույ­թում քննվող գործերից մեկով դա­տական ակտ, մասնավորապես՝ դատական նիստի չներկայացած ամբաս­տանյալներից մեկի նկատ­մամբ նախկինում ընտրված խա­փանման միջոցը կալանավոր­մամբ փոխարի­նելու մասին որոշում կայացնելու համար,  ընդ որում՝ դատաքննչական պրակ­տիկայում վերջին 19 տարվա ըն­թացքում երբևէ չկիրառված, բայց Բ․Բախշիյանի դեպքում կիրառելի դարձած ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով հարուց­ված քրեական գործի և իրականացվող հետապնդման շրջա­նակ­­­ներում: Ավելորդ չէ նշել, որ վերը նկարագրված գործընթացի հետևանքով դատավոր Բ․Բախշիյանի արդար դա­տաքննության և անձ­նա­կան ազատության իրավունքների երաշխիքների խախտման մասին դիրքո­րո­շումներ է ներկա­յացրել նաև ՀՀ Մարդու իրա­վունք­ների պաշտպանը (տե՛ս ՄԻՊ 2022 թվականի փետրվարի 10–ի հայտարարությունը (https://ombuds.am/am/site/ViewNews/2123):

Ինչպես դատավոր Բ․Բախշիյանի, այնպես էլ դատավոր Դ․Գրիգորյանի նկատմամբ իրականացված գործողությունները թողնում են անցանկալի դատական ակտեր կայացնելու համար «պատժի» ցուցադրության տպավորություն, որը, իմ կարծիքով, նպատակ է հետապնդում օրինակ ծառայել այն դատավորների համար, որոնք ապագայում կանգնելու են կա՛մ իրավաչափ, կա՛մ ապօրինի, բայց քաղաքական իշխող ուժի համար «ցանկալի» որոշում կայացնելու երկընտրանքի առջև։

4) Արդարադատության իրականացումից անցանկալի դատավորների մեկուսացում

Նշված գործընթացը դրսևորվել է հետևյալ երեք միջոցներով՝ (1) գործերի մակագրման՝ պատահակա-նութ­յան սկզբունքի վրա ստեղծված համակարգչային համակարգի փոխարեն «ձեռքով» մակագրման հա­մակարգի ներդրում, (2) առանձին դատավորների նկատմամբ քրեական հետապնդման հարուցման արդյունքում լիազորության կասեցում և նրանց վարույթում գտնվող գործերի վերամակագրում, (3) դատավորների կողմնակալության արհեստական փաստարկների ձևավորում և դրա արդյունքում այդ դատավորների բացարկում։

4․1․ Արտաքին և ներքին ազդեցությունից դատարանի և դատավորների անկախությունները երաշ­խա­վո­րելու նպատակով 2011 թվականին Հայաստանում ներդրվել է գործերի պատահական բաշխման և վերա­բաշխման հատուկ համա­կարգչային ծրագիր, որը դադարեց գործել 2021 թվականի հուլիսին՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից այն առգրավելու հետևանքով: Փոխարենը դատարանների նախա­գահների կողմից գործերը սկսեցին մակագրվել «ձեռքով», ինչը հնարավորություն չի տալիս ստուգելի դարձնել գործերը բաշխելիս պատահականության սկզբունքի կիրառությունը։ Ավելին, համակարգչային ծրագիրն առգրավելուց հետո անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել հնարավորինս արագ այն վերադարձնելու կամ որևէ համարժեք այլընտրանք ժամանակավորապես գործարկելու ուղղությամբ։ Դատարանների նախագահների կողմից գործերի բաշխման հավասարաչափ և պատահական չա­փանիշների համատարած խախտումների մասին բարձրաձայնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև՝ մի շարք հեղինակավոր փաստաբաններ, իրավապաշտպաններ և այլոք։

Ի պատասխան քննադատության՝ ԲԴԽ-ն հայտարարել է, որ «ձեռքով» մակագրման միջոցով գործերի բաշխումը պետք է իրականացվի դատարանների նախա­գահների կողմից՝ այբբենական կարգով, ընդ որում, այդ գործընթացը չի գտնվում իր վե­րահսկողության ներքո: Մինչդեռ գործերի բաշխման այբբենական կարգի պահպանումը ստուգելի չէ, ավելին` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստագրվել են այդ սկզբունքի խախտման առանձին դեպքեր։ Ստուգելիությունը քիչ թե շատ ապահովող միակ հարթակը՝ «Դատալեքս» տեղեկատվական էլեկտ­­րո­նային կայքը, 2021 թվականի դեկտեմբերից պատշաճ չի գործում։

4․2․ Հանրային մեծ հնչեղություն ունեցող՝ նախկինում բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, նշված գործով Սահմանադրական դատարան դիմելուց հետո, 2019 թվականի հունիսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մա­սով՝ չկայացած դա­տական նիստի արձա­նագրության բովանդա­կութ­յունը ենթադրաբար կեղծելու դեպ­քի առթիվ։ Նոր անդամներով համալրված Բարձրագույն դատական խոր­հուրդը 2019 թվականի հուլիսի 27-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը և տվել դատավոր Դ․Գրիգոր­յանի նկատմամբ քրեական հետա-պնդում իրա­կանաց­նելու համա­ձայ­նություն։ Դատավոր Դ․Գրիգորյանի լիազորութ­յունները կա­սեցվել են և մինչ օրս մնում են կասեցված, քանի որ նրա նկատմամբ հետագայում կայացված արդարացման դատական ակտը դատախա­զությունը բողոքարկել է և այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։

Դատավոր Դ․Գրիգորյանի վարույթում առկա բոլոր գործերը, այդ թվում՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող՝ վերը նշված քրեական գործը համակարգչային ծրագրով վերամա­կագրվել է այլ դատավորի։

Սույն հայտարարության 3․1․ կետում ներկայացված դեպքում ևս դատավոր Բ․Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը թույլատրելու մասին ԲԴԽ որոշման հետևանքով նրա լիազո­րությունները կասեցվել են, և դատավորի վարույթում գտնվող բոլոր գործերը, այդ թվում՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող, վերա­մա­կագրվել են այլ դատավորների։

4․3․ Քրեական հետապնդման մարմինները 4․2․ կետում ներկայացված դեպքի կապակցությամբ դատավոր Դ․Գրիգորյանի կողմից իրականացվող արդարադատությանն իբր խոչըն­դո­տելու մեղադրանքով 2019 թվականի մայիսից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ապա նաև քննչական գործողություններ են իրակա­նացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր­ներ Արշակ Վարդանյանի, Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Երևան քաղաքի ընդ­հանուր իրավասության դատա­րանի դատա­վորներ Դավիթ Հարություն­յանի և Արման Հով­հաննիսյանի նկատմամբ։ Մասնավո­րա­պես՝ առնվազն երկու ամիս տևողութ­յամբ գաղտ­նալսվել են նրանց հե­ռա­­խո­սահամարները, պահանջվել են վե­րոնշյալ դատավորների անձ­նական հեռա­­խո­­սահամարների մուտ­քային և (կամ) ելքային հեռախո­սազանգերի, կարճ հաղոր­դագրութ­յունների (sms), ալեհավաքների վերծանումները, հավաքվել այլ անձ­նա­կան տվյալներ։

Դատավոր­ներին զրպարտելու համար դա­տավորներ Դ.Գրիգորյանի և Մ.Պապո­յանի հա­ղորդման հիման վրա արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների հատկա­նիշներով ՀՀ ԱԱԾ քննչա­կան դեպարտամենտում, թեև հա­րուցվել են քրեական գործեր, սա­կայն մեկ վարույթում միացված այդ գործերի քննությունը շարունակվում է արդեն շուրջ երեք տարի, և մինչ օրս քրեական հետապնդման մարմիններն այդ գործով որևէ անձի քրեական պա­տասխա­նատ­վության չեն կանչել, մինչդեռ ենթադրյալ հան­ցանք կատա­րած անձանց ինքնությունները, իմ համոզմամբ, նրանց ի սկզբանե հայտնի են եղել:

Պետք է փաստել, որ վերոհիշյալ հանգամանքների բերումով նշված դատավորների նկատմամբ փաստացի ձևավորվել են կողմնակալության պնդումների արհեստական հիմքեր, և դրա արդյունքում որոշակի խումբ քրեական գործեր վարույթ ընդունելիս այդ դատավորները պարբերաբար բացարկվում են։

5) Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարի լիազորության չարաշահումը

5․1․ Վերջին տարիներին նկատվում է արդարադատության նախարարի կողմից դատա­վոր­ների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու դեպքերի շեշտակի աճ։ Այսպես, 2019 թվականին հարուցվել է 5, 2020 թվականին՝ 13, իսկ 2021 թվականին՝ 18 կար­գապահական վարույթ։

Մտահոգիչ են արդարադատության նախարարի կողմից ԲԴԽ ուղարկվող կարգապահական վարույթների ոչ միայն քանակական աճը, այլև դրանց որակական բնութագրիչները։

Այսպես․

1․ Վա­րույթների հարուցման և դրանք ԲԴԽ ուղարկելու գործըն­թացն իրա­կանացվում է առերևույթ խտրական պայմաններում. փաստական հանգամանքներով նույն արար­քը մի դա­տավորի պարա­գայում հանգեցրել է նրա նկատմամբ կարգապա­հական վարույթ հարու­ցելուն և այդ դատավորին պատասխանատ­վության են­թարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմելուն, իսկ մեկ այլ դատա­վորի դեպքում՝ կարգապահական վա­րույթը կար­ճելուն:

2․ Նշված կարգապահական վարույթների գերակշռող մեծամաս­նութ­յունը վերաբերում են դատավորի կողմից իր վա­րույթում քննվող այս կամ այն գործով որևէ որոշում կայաց­նելուն։

3․ Նշված վարույթներով թիրախա­վորվում են ինչպես հասարակությունում, այնպես էլ իրավաբանական համայնքի շրջա­նակներում, այդ թվում՝ դատական համակարգում մեծ հեղինա­կություն և հար­գանք վայելող այն­պիսի դատա­վորներ, ինչպիսիք են՝ Արման Հովհաննիսյանը, Վարդան Գրիգորյանը, Դավիթ Գրիգորյանը, Լուսինե Աբգար­յանը, Զա­րուհի Նախշքարյանը, Սերգեյ Մարաբյանը, Վազգեն Ռշտունին, Դանիել Դանիելյանը և Լիզա Գրիգորյանը:

Անհրաժեշտ է ընդգծել, որ սույն գործընթացը տեղի է ունենում այն պայմաններում, երբ միջազգային հեղինակավոր այնպիսի կառույցներ, ինչպիսիք են՝ Վենետիկի հանձնաժողովը, «ԳՐԵԿՈ»-ն, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը բազմիցս մատնանշել են դա­տա­­վոր­ների նկատ­մամբ կար­գա­պահական վարույթ հարուցելու արդարադատության նախա­րարի լիազորության վերանայման անհրաժեշտությունը։ Ավելին, արտահայտվել է մոտեցում, որ այդ լիազորությունը ենթակա է դա­դա­րեցման այն պահից, երբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ օժտված մյուս մարմինը՝ Դատավորների ընդ­հանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի նորացված կազմով հանձնա­ժողովը (որում այլևս ընդգրկված են հասարակական կազմա­կերպությունների ներ­կայա­ցուցիչներ), ապա­ցուցի իր արդ­յու­­նավե­տութ­յունը: Տվյալ հանձնաժողովը ձևավորված է և գործում է, սա­կայն արդարադատության նախարարի՝ կարգա­պա­հա­կան վարույթ հարուցելու լիազորության գործ­նական կիրառումը ոչ թե սահմանափակվել կամ դադա­րեցվել է, այլ ընդհա­կառակը, ստացել է նոր թափ։

Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ հենց վերոհիշյալ դատավորների աշխատանքի արդյունքում է Հայաս­տանի դատական համակարգն ամենաանկախը ճանաչվել Արևելյան գործընկերության անդամ երկրների շրջանում՝ 2020-2021 թվականների ընդհանուր գնահատման արդյունքներով։

Այսպիսով, ներկայացված փաստերի շղթան ակնհայտ ցույց է տալիս, որ մեր երկրի քաղաքական իշխանությունը որդեգրել է դատական իշխանությունն իրեն ենթարկելու ռազմավարություն և քաղաքականություն, և դրանք պետք է դիտարկել դատական իշխանության նկատմամբ ճնշումների գործընթաց։ Քաղաքական իշխանության վերը թվարկված դրսևորումներն անհա­մատեղելի են անկախ դատական իշխանության գոյութ­յան հետ։

Սույնով հրավիրում եմ Ձեր` որպես միջազգային կարույցների ուշադրությունը և հայցում ձեր աջակցությունը Հայաստանում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում»։