Լուսաձայնային նռնակներ խորհրդարանի բակում, ոստիկանության եւ ազգային անվտանգության մի քանի ստորաբաժանումներ, պատուհաններից երեւացող դիպուկահարներ:
Այսպես է Ազգային ժողովը պատրաստվում կառավարության հետ հարցուպատասխանին նիստից դեռ մի քանի ժամ առաջ: ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, թե դիմադրության շարժման մասնակիցները պատրաստում են զավթել խորհրդարանի շենքը:
Զարթնիր լաոն երգելով է ընդդիմությունը մտնում խորհրդարան: Սովորականի պես է նիստը մեկնարկում,առայժմ միակ արտասովոր երեույթը ինտերնետ կապի անջատումն է: Մինչ խորհրդարանը շրջապատված էր ցուցարարներով, իշխանականները խոսում էին ուսուցիչների աշխատավարձից, ասես ոչ մի գործընթաց չի կատարվում:
Ընդդիմությունը խորհրդարան է եկել միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Արմեն Ռուստամյանը թվեց պատճառները. Փաշինյանը պատերազմ ու պարտություն է բերել, խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը, բայց չի արել, հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքից:
Փաշինյանը շարունակեց պնդել, որ Արցախի հարցում նշաձողն իջեցվել է դեռ նախկինների օրոք, երբ բանակցային գործընթացում ընդունվել են Մադրիդյան սկզբունքները: Իսկ Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ նման պնդում անողը չի տիրապետում Արցախի հիմնախնդրին :
Ընդդիմադիրները որոշեցին լքել նիստերի դահլիճը, իշխանականներն էլ նրանց ծափերով էին ուղեկցում: Այս աղմուկի մեջ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե գաղտնիք է բացահայտելու:
Նախքան հեռանալը ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը Փաշինյանի հետ մի քանի խոսք է փոխանակում:
Հեռանալու պատճառների մասին. որովհետեւ իրենց պահանջն արդեն ներկայացրել էին ու էլ չեն ուզում լսել Փաշինյանի ստերը. ասում է Գեղամ Մանուկյանը
Թե ինչ գաղտնիք պետք է բացահայտեր Նիկոլ Փաշինյանը ընդմիջումից հետո էլ գաղտնիք մնաց. ասաց կխոսի ընդդիմադիրների ներկայությամբ, նրանց աչքերին նայելով, իսկ ընդդիմադիրները խորհրդարան են պատրաստվում վերադառնալ, երբ Փաշինյանը հրաժարական կտա, իրենք էլ նոր վարչապետ կընտրեն:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում