Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մեկնարկել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը: Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմը մինչ խափանման միջոցի հարցի քննությանն անցնելը բարձրացրեց Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ՝ օրինական դատարան լինել-չլինելու հարցը:
Երեմ Սարգսյանը նշում է, որ Մնացական Մարտիրոսյանը հայտնի է, որպես իշխանությունների կամակատար դատավոր: Նա առավել հայտնի է դարձել մարտի մեկի գործի քննությունից հետո: Պաշտպանը կասկածում է, որ այս դատավորը կարող է իշխանությունների քիմքին ոչ հաճո որոշում կայացնել: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ դատավորին դիմելիս ասաց. Իշխանությունների սրտի դատավորների մեջ Ձեր անունը եւս նշվում: Փաստաբանական կողմը Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։
Դատարանը շրջանցեց Աղվան Հովսեփյանի խոսքի իրավունքը, վերջինս պահանջեց, որ իրացնի իր ելույթի հնարավորությունը
Մնացական Մարտիրոսյանը մերժեց Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը՝ ինքնաբացարկի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ի առավոտյան: Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, կաշառք ստանալու, խարդախության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու հատկանիշներով։
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը