կարևոր
955 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-03 23:51

«Դիմադրության» շարժման հանրահավաքը և քայլերթը. ՖՈՏՈՇԱՐՔ

«Դիմադրության» շարժման հանրահավաքը և քայլերթը. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր՝ մայիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրության» շարժման հանրահավաքը։

Հանրահավաքին էր միացել նաեւ երգչուհի Սիրուշոն։ Նա հանրահավաքի մասնակիցների հետ հայրենասիրական մի շարք երգեր կատարեց։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ամփոփելով օրվա ընթացքում իրականացված գործողությունները՝ ընդգծեց, որ մայրաքաղաքում պայքարի դուրս եկածներին միացել են նաև մարզերի արժանապատիվ քաղաքացիները։

«Գրեթե ողջ հանրապետությունում մեր քաղաքացիները դուրս են եկել փողոց»,- նշեց նա։
Իշխան Սաղաթելյանը խորհրդանշական համարեց նաև 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորման հետևանքով հաշմանդամություն ստացած երիտասարդների բողոքի ակցիան։

«Փողոց փակեցին 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցները՝ սայլակներով։ Սա շատ հստակ ուղերձ է»,- ասաց նա։

«Մարզային ակցիաների ժամանակ քաղաքացական հագուստով մի քանի խուժաններ, իշխանության կողմից ուղղորդված, հարձակվել են քաղաքացիների վրա։ Այլևս ոստիկանական ուժերը չեն բավարարում։ Նիկոլը, ինչպես միշտ, հույսը դրել է խուժանների վրա։

Այստեղից կոչ եմ անում․ Նիկո՛լ, առանց այդ էլ վիճակ ծանր է, նոր քրեական գործեր մի շալակիր։ Վիճակդ ավելի մի՛ բարդացրու, նոր ապօրինությունների մի՛ դիմիր։

Իշխան Սաղաթելյանը նշեց նաև, որ այսօր այցելել են բուհեր․ ԵՊՀ-ում լսարանները 90 տոկոսով դատարկ էին, և այն լսարանները, որ մտնում էին՝ գրված էր «առանց Նիկոլ Հայաստան», «Զարթնիր, լաո»։

Այս պայքարն անկասելի է․ սա է հայ ժողովրդի դիրքորոշումը, սա է հայ ժողովրդի տեսակետը։ Հայաստանը չի՛ թրքացվելու, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի՛ լինելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ այժմ երթ է մեկնարկում դեպի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ, որից հետո հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում շարունակվելու է։ Հնչելու է կարևոր հայտարարություն։

«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո երթը շարժվեց առաջ։ Երթի ընթացքում հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։

Նշենք, որ ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցել է քայլերթին։

Քայլերթից հետո հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում շարունակվեց։

Ելույթներով հանդես եկան ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Ռուզաննա Ախայանը, ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը​, Ամերիկյան համալսարանի ուսանող Դավիթ Մելիքյանը։

Եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը, ով ներկայացրեց վաղվա անելիքները․ վաղն առավոտից շարունակում ենք մեր բողոքի ակցիաները։

«12։00-14։00 կոչ եմ անում մեր քաղաքացիներին կրկին շարունակել բողոքի ակցիաները՝ փակել ճանապարհներ, շրջափակել փողոցներ, 15։30 պետք է հավաքվենք Ֆրանսիայի հրապարակում, քանի որ վաղը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխան է տեղի ունենալու, 16։00 Նիկոլը գալու է ԱԺ՝ մենք պետք է 15։30 լինենք այս հրապարակում նրա հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար։ Դրա համար վաղը ձեր ներկայությունը շատ կարևոր է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հանրահավաքի ավարտին բեմահարթակ բարձրացավ Հանրապետության վաստակավոր արտիստ Նունե Եսայանը։ Նա ասաց՝ ասելու որևէ նոր բան չունի։

«Ամեն ինչ ասված է։ Եթե այստեղ եք, ուրեմն քաջ գիտակցում եք, որ Նիկոլը պետք է հեռանա»,-ասաց երգչուհին, ապա արտասանեց Հովհաննես Շիրազի՝ «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես» բանաստեղծությունը։

Նա կատարեց «Ազատ մի թռչուն եմ», «Զարթիր, լաո», «Արդյոք ովքեր են» և այլ երգեր։