ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր՝ ապրիլի 3-ին «Դիմադրության շարժման» բողոքի ակցիաներից հետո, Ֆրանսիայի հրապարակում հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Մեր քաղաքացիներն արդեն ինքնակազմակերպվելով ձևավորել են խմբեր և դուրս են եկել իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելու, պահանջելու իշխանության հրաժարականը․ ասաց Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով մարզերում իրականացվող բողոքի ակցիաներին՝ նա տեղեկացրեց, որ այս պահին փակ է Գեղարքունիք-Սևան-Վարդենիս ճանապարհը, Կոտայքի, Լոռու, Արարատի, Շիրակի և Արագածոտնի մարզերում ևս միջպետական ճանապարհներ են փակ, և քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիաներ իրականացնելու։
«Այսօր առավոտվանից մեր քաղաքացիները փակել են 2 տասնյակից ավելի երևանյան փողոց, մինչև այս պահն էլ տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այս պահին 200-ից ավելի բերման ենթարկվածներ կան, բայց անգամ ոստիկանության բաժանմունքներում նրանք ազգային-հեղափոխական երգեր են երգում, այնպես որ նրանց ոգին կոտրել հնարավոր չէ։
«Ոստիկանները շարունակում են բիրտ ուժ կիրառել, հատուկ աչքի են ընկնում սև բերետավորները, որոնք ակնհայտորեն ղեկավարվում են ինչ-որ խմբերի կողմից։ Տեղեկություններ ունենք, որ դրանց մեջ կան մարդիկ, որոնք որոշ օլիգարխների և Նիկոլի շրջանակների կողմից հանձնարարություններ են կատարում»,- ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, որ իշխանամերձ շրջանակները տեղեկություններ են տարածում, որ փողոցներում քիչ քաղաքացիներ կան, համալսարանների ուսանողները չեն միանում շարժմանը և այլն։
«Այսօր եղանք ԵՊՀ-ում, մտել ենք 10-ից ավել լսարարաններ, որից միայն մեկում կային ուսանողներ։ Իրականությունը մի բան է, իշխանությունների ներկայացածը մեկ այլ բան, իրենք իրավիճակին չեն տիրապետում»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ իշխանական շատ ներկայացուցիչներ հորդորում են ոստիկաններին բռնություն կիրառել քաղաքացիների նկատմամբ։
Հարցին՝ ինչպես է վերաբերում իշխանական պատգամավորների՝ ԱԺ գնալու և այնտեղ հայտարարություններ անելու հորդորներին, Սաղաթլյանը ասաց․
«Ես ի՞նչ պատասխանեմ այդ «դուխով գլխարկներին»։ Ես կրկնում եմ՝ ՔՊ-ն ունի շանս չկիսելու Նիկոլի դավաճան քաղաքականությունը, մենք պատրաստ ենք իրենց ազատել գերությունից։ Այսօր իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելը, ոչ թե Վարդենիսն ու Սյունիքը պահելու խնդիրը»,-ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, որ Ալիևը նույնպես անհանգստացած է ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներից։
«Ժողովուդը և այս հրապարակն է որոշելու՝ ովքեր են լինելու ՀՀ հաջորդ իշխանությունները, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, արդեն ունենք հանրային արձագանք, հիմա մեր խնդիրն է մի քանի օրվա ընթացքում այդ մարդկանց իջեցնել փողոց»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանն նշեց, որ բողոքի ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 16։00-ն, որից հետո ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում կհավաքվեն՝ ամփոփելու այսօրն ու միասին պլանավորելու վաղվա անելիքները։