կարևոր
1309 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-02 23:07

«Դիմադրության» շարժման հանրահավաքը և քայլերթը․ ՖՈՏՈՇԱՐՔ

«Դիմադրության» շարժման հանրահավաքը և քայլերթը․ ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր՝ մայիսի 2-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրության» շարժման հանրահավաքը։

Չնայած չդադարող անձրեւին, այսօր Երեւանում վաղ առավոտից խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվել. փակվել են մի շարք փողոցներ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր վաղ առավոտից իրականացված անհնազանդության ակցիաների ընթացքում պաշտոնական տվյալներով բերման է ենթարկվել 244 քաղաքացի, սակայն իրականում այդ թիվն ավելին է՝ շուրջ 300 հոգի։

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ բերման ենթարկված քաղաքացիները հիմնականում ՝ 99 տոկոսով, արդեն ազատ են արձակվել։

«ՀՀ արժանապատիվ քաղաքացիները, չնայած բոլոր ճնշումներին, եղանակային պայմաններին ու մի շարք դժվարություններին, պինդ և ամուր կանգնած են։ Ինչպես պայմանավորվել ենք՝ գնալու ենք մինչև վերջ»,- հայտարարեց նա։

Սաղաթելայնի խոսքով՝ Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան՝ ոստիկանությունը։

«Այսօր ոստիկանություն իր սահմանն անցել է, այսինքն՝ ոստիկանության որոշ ներկայացուցիչներ։ Նախ առաջինը՝ ՊՊԾ գնդի ղեկավար Սաքո Հովհաննիսյան։ Էս էն մարդն ա, որ մեկ տարի առաջ «քացի» էր տալիս քաղաքացիներին։ Սա էն մարդն ա, որ կին պատգամավոր Աննա Մկրտչյանի մազերն էր քաշում Խորհրդարանի դահլիճում։ Այսօր էլի իրեն պահել է լկտի ու սանձարձակ։ Ուրեմն լսի Սաքո, եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի և լկտի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից, այս ժողովրդի անունից խոստանում եմ, ուսադիրներդ պոկելու եմ ու պատժվելու ես դրա համար»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Նա նաև նշեց, որ իրենց խնդիրը ոչ թե ոստիկանության հետ է, այլ ոստիկանության որոշ աշխատակիցների, որոնք բացահայտ բռնություն են կիրառում քաղաքացիների նկատմամբ։

Իշխան Սաղաթելյանը միջազգային հանրությանը՝ Հայաստանում հավատարմագրված դեպանատներին, կոչ արեց համարժեք արձագանքել և օբյեկտիվ գնահատական տալ իրավապահ համակարգի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության դեպքերին։

Նա անդրադարձավ նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանից հանրության ակնկալիքներին, որոնք առնչվում են նրա բուն պարտականությունների կատարմանը։

«Հայաստանում գոյություն ունի մարդու իրավունքների պաշտպան։ Երբ նա ընտրվում էր, խորհրդարանական երկու խմբակցությունները հայտարարեցին, որ նա, ըստ էության, Նիկոլի պաշտպանն է, ոչ թե մարդու իրավունքների։ Այս օրերին դա ակնհայտ ապացուցվում է։ Մարդու իրավունքների պաշտպանը դեռ շանս ու հնարավորություն ունի ասելու, որ նման ինստիտուտ կա Հայաստանում։ Այդ պահանջը մենք ներկայացնում ենք և սպասում ենք արձագանքի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հանրահավաքի ավարտին Իշխան Սաղաթելյանը դիմելով հանրահավաքի մասնակիցներին ասաց․ Առաջարկում եմ քաղաքի կենտրոնով երթ անցկացնել, կրկին փակել ճանապարհները և վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ։

Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները «Պայքար, «Պայքար» «Պայքար» վանկարկումների ներքո քայլերն ուղղեցին դեպի Մաշտոցի պողոտա։

Երթ մասնակիցները վանկարկում էին «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։

Քայլերթի մասնակիցներին քաղաքացիները ողջունում էին իրենց պատշգամբներից և լուսամուտներից։

Երթի ընթացքում հնչում էին հաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։

«Միացում» «Պայքար» «Հաղթանակ»՝ վանկարկում էին քաղաքացիները։

Նշենք, որ երթին էր միացել ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ։

Կառավարության շենքի մոտ քայլերթի մասնակիցները բոլորը միասին գոչեցին՝ «առանց Նիկոլ Հայաստան» և շարունակեցին երթը։

Վերադառնալով Ֆրանսիայի հրապարակ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց վաղվա, մայիսի 3-ի անելիքների մասին․ վաղն առավոտ ժամը 8։15-ից կրկին սկսում ենք անհնազանդության բողոքի ակցիաները։

Նա նշեց, որ վաղը կազմակերպված տարբեր խմբեր քաղաքի տարբեր հատվածներում կփակեն փողոցները։ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց շարունակել դասադուլը և գործադուլը, նաեւ տեղեկցրեց, որ վաղը փակվելու են մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողնան կենտրոնանալ Երևանում։