Թուրք ոստիկանները այսպես՝ ուժի գործադրմամբ, գետնին գցելով, քարշ տալով, Ստամբուլում բերման են ենթարկել ավելի քան 160 ցուցարարի: Ամեն տարի աշխատավորի միջազգային օրը Թուրքիայում հենց այսպիսի պատկեր է: Էրդողանական բռնաճնշումների դեմ բողոքող մի խումբ ցուցարարներ այս տարի էլ փորձել են ակցիա իրականացնել հակակառավարական ցույցերի թատերաբեմ հանդիսացող Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Ստամբուլի նահանգապետարանից ոստիկանության գործողություններն արդարացրել են նրանով, որ ակցիան արտոնված չէր:
Ֆրանսիայի մայրաքաղաքում էլ մայիսմեկյան ցույցերն ավարտվել են ոստիկանների հետ բախումներով: Փարիզում ցուցարարները բողոքել են մեկ շաբաթ առաջ վերընտրված նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության դեմ, պահանջել բարձրացնել աշխատավարձերը եւ հրաժարվել կենսաթոշակային տարիքը բարձրացնելու ծրագրից: Խաղաղ ակցիան վերածվել է անկարգությունների, երբ մի խումբ ցուցարարներ թալանել են McDonald՚s-ի ռեստորաններից մեկը, ջարդուփշուր արել մի շարք շինությունների պատուհաններն ու հրդեհել աղբամանները: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել, բերման ենթարկել 5 տասնյակ ցուցարարի: 8 ոստիկան վիրավոր է: Մայիսի 1-ին նույն պահանջով, բայց խաղաղ ցույցեր են անցկացվել Ֆրանսիայի այլ քաղաքներում եւս:
Աշխատավորի օրը ոստիկանների եւ ցուցարարների միջեւ ծեծուջարդի այս կադրերն էլ իտալական Թուրինում են արձանագրվել: Իտալացիների հիմնական պահանջը եւս աշխատավարձերի բարձրացումն է:
Իսպանիայում եւ Գերմանիայում աջակցություն են հայտնել ուկրաինացի աշխատավորներին՝ նշելով, որ պատերազմի պատճառով նրանք չեն կարող ցույցի դուրս գալ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Դյուսել-դորֆում մայիսմեկյան ակցիայի ժամանակ խոստացել է զենքով օգնել Ուկրաինային:
Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը