կարևոր
1381 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-02 22:08

Մեկնարկել է ընդդիմության պայքարի վճռական փուլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հենց այսպես մեկնարկեց «Դիմադրության շարժման» պայքարի, իրենց խոսքով՝ վճռական փուլը: Եվ ինչպես խոստացել էին, առավոտյան 08:30-ին Երեւանում մի շարք փողոցներ արդեն փակ էին: Ցուցարարների մի մասը, օրինակ, երթը սկսեց Կորյունի փողոցից, նրանք փակեցին Հերացի փողոցի թունելը: Փակ էր նաեւ Խանջյան, Նալբանդյան փողոցները, Տիգրան Մեծ պողոտան: 
Ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին:  
Ոստիակնները բերման էին ենթարկում, քաղաքացիներն էլ շարունակում էին փողոցները փակ պահել:  
Մի մասն էլ իրազեկում ու քաղաքացիներին հորդորում էին միանալ իրենց խաղաղ ակցիային: 
Լարված իրավիճակ էր Ստեփան Շահումյանի անվան հրապարակում: Այստեղ քաղաքացիներին բերման ենթարկելու ընթացքում նաեւ որոշ ընդհարումներ եղան իրավապահների ու քաղաքացիների միջեւ: Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Արեգնազ Մանուկյանը նույնպես այստեղ էին: 
Ակցիաների ժամանակ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ոստիկանությունը բերման ենթարկելիս դաժան ծեծի ենթարկում ցուցարարներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ ըստ ոստիկանության բերման է ենթարկվել 199 մասնակից, իսկ ըստ Իշխան Սաղաթելյանի՝ 226: 
Լարված էր նաեւ Խանջյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: Իրավիճակը շտկեցին Գեղամ Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանը: 
Ակցիաները շարունակվեցին մինչեւ ժամը 14:00: Հետո մասնակիցները հավաքվեցին իրենց՝ արդեն այս օրերի հասցեն դարձած Ֆրանսիայի հրապարակ:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում