կարևոր
784 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-05-02 18:16

Աքշեներն ինձ գայլերի սեղանը նետեց․ Կարո Փայլան

Աքշեներն ինձ գայլերի սեղանը նետեց․ Կարո Փայլան

Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), նրա դեմ ատելության խոսքեր ուղղվեցին Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակների կողմից, գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները Twitter-ում անդրադարձել էր Փայլանի այդ օրենսդրական նախաձեռնությանը՝ գրառելով. «Խստորեն դատապարտում եմ այն լկտիությունը, որը փորձում է ստիպել մեր ազգին խոնարհվել այսպես կոչված «ցեղասպանության» մասին օրինագծով»։

Փայլանը, ի պատասխան վերոհիշյալ ազգայնական գործչի այս հայտարարություններին, «Diken» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Աքշեներն իր այդ գրառմամբ արդեն կայծը տվել է։ 

«Ինձ շատ զարմացրեց այն, որ այդ բանը հենց ինքը սկսեց․․․ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր առաջարկ, այս առաջարկն էլ կարելի էր քննադատել, բայց Մերալ Աքշեներն ինձ գայլերի սեղանը (երախը-խմբ․) նետեց»,-ասել է նա։

Փայլանը նշելով, որ բազմաթիվ գործիչներից սպառնալիքներ է ստանում, հիշեցրել է Հրանտ Դինքի օրինակը, ով մի արտահայտության պատճառով թիրախում էր հայտնվել, «դավաճանի» պիտակ ստացել և արդյունքում սպանվել։ 

«Չի կարելի ակնկալել, որ փոքրամասնություն կազմող անձը թիրախ չդառնա, երբ օգտագործում եք «Գարո Փայլան դավաճան» պիտակավորումը։ 

Ես մի բան գիտեմ, որ եթե երկրի նախագահը, իշխանության դաշնակիցը, նախարարներն ասել են «դավաճան», ինձ հետ ամեն պահի կարող են ամեն տեսակի սադրանքներ պատահել»,- ասել է մեջլիսի հայ պատգամավորը։