կարևոր
718 դիտում, 2 ամիս առաջ - 2022-05-02 15:32

Ոստիկանական բռնի գործողությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների կապակցությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին. Թովմասյան

Ոստիկանական բռնի գործողությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների կապակցությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին. Թովմասյան

Այսօր առավոտից ստանում եմ ահազանգեր մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրենց բողոքի ձայնը բարձրացնող մեր հայրենակիցների նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի գործադրման դեպքերի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքում գրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը.

«Հետեւելով նաեւ լրատվամիջոցների կողմից տարածվող տեսանյութերին՝ արձանագրել եմ, որ ոստիկաննները բառացիորեն ծեծում են ՀՀ քաղաքացիներին, որոնք իրացնում են խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքը։

Ոստիկանների գործողությունների հետևանքով բազմաթիվ տուժած քաղաքացիներ ունենք։

Շտապօգնության ծառայության ղեկավարի հետ Հանձնաժողովի փորձագետի զրույցի ժամանակ Ծառայության պետը տեղեկացրել է, որ քաղաքացիներից մեկը ոտքի վնասվածք է ստացել, անհրաժեշտ հետազոտություններ է անցնում, մյուսի մոտ առկա է սալջարդ։

Ոստիկանական գործողությունների՝ հրմշտոցի ժամանակ լրագրող Լիա Սարգսյանն է վատացել՝ գիտակցությունը կորցրել․․
Ոստիկանությունում հեռախոսազանգերին առավելապես չեն արձագանքում։ Արձագանքի դեպքում էլ բացարձակապես հրաժարվում են բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն տրամադրել։

Առավոտից սկսված ոստիկանական, ինչպես նաեւ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի գործողություններում ակնհայտորեն կա նախատրամադրվածություն լրագրողների եւ օպերատորների նկատմամբ: Կան տուժած լրագրողներ, ինչն անթուլատրելի է:

Ուշադրությամբ հետեւում եմ իրադարձությունների զարգացմանը եւ եւս մեկ անգամ հիշեցնում, որ ոստիկանության հիմնարար նպատակը պիտի լինի մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու արժանապատվության, անհատի հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքը։

Հ․Գ․ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է իր քայլն անի՝ համապատասխան գործերի հարուցմամբ արձագանքելով ոստիկանական ակնհայտորեն ապօրինի գործողություններին, ինչպես նաեւ ՊՊԾ պետի եւ աշխատակցի գործողություններին տալով քրեաիրավական գնահատական։

Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների՝ ոստիկանական բռնի գործողությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների կապակցությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, համապատասխան գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցներին»։