կարևոր
949 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-02 12:53

Հայր ու որդի ծեծել են շտապօգնության բժշկին ու վարորդին, ծեծի են ենթարկվել նաև դեպքի վայր ժամանած ոստիկանները

Հայր ու որդի ծեծել են շտապօգնության բժշկին ու վարորդին, ծեծի են ենթարկվել նաև դեպքի վայր ժամանած ոստիկանները

Քննչական կոմիտեն հայտնում է Հրազդանի բժշկական կենտրոնում խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մասին։

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մեղրաձոր բնակավայրի բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

Նախնական տվյալներով, 2022թ ապրիլի 30-ին՝ ժամը 20:50-ին, մի խումբ անձինք իրենց վատառողջ բարեկամին Երևան քաղաք տեղափոխելու հարցի շուրջ վիճաբանել են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական անձնակազմի և շտապօգնության հերթապահ բժշկի հետ, որի ընթացքում Մեղրաձոր բնակավայրի երկու բնակիչ՝ հայր և որդի, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ,  խախտելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը, կոտրել են հիվանդանոցի գույքը, բարձրաձայն հայհոյանքներ  հնչեցրել: Նրանցից մեկը՝ հայրը, հարվածել է  շտապօգնության ավտոմեքենայի վարորդին, իսկ որդին հարվածներ է հասցրել բժշկի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, երբ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները,  որդին, չենթարկվելով նրանց օրինական պահանջներին, վիճաբանել է վերջիններիս հետ, որի ընթացքում հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի երկու աշխատակցի:

Հրազդան համայնքի Մեղրաձոր բնակավայրի բնակիչներից մեկը՝ որդին, ձերբակալվել  է, իսկ հոր  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: