կարևոր
1621 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-02 12:31

Ապրիլին աշխարհում կորոնավիրուսի դեպքերը նվազել են շուրջ 2 անգամ

Ապրիլին աշխարհում կորոնավիրուսի դեպքերը նվազել են շուրջ 2 անգամ

Ապրիլին աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է մոտ 24 միլիոնով, ինչը երկու անգամ պակաս է մարտին գրանցված դեպքերից։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։ Միևնույն ժամանակ մահացության ցուցանիշը ևս երկու անգամ նվազել է և եղել ամենացածր մակարդակին 2020 թվականի գարնանից ի վեր։ Ապրիլին աշխարհում կորոնավիրուսից մահացել է մոտ 88 հազար մարդ։

Նախորդ ամսվա ընթացքում հիվանդացության դեպքերն ամենաշատն են եղել Կորեայի Հանրապետությունում՝ 3,8 միլիոն դեպք։ Սակայն դա 2,5 անգամ պակաս է, քան դրանից մեկ ամիս առաջ։ Եվ եթե ապրիլի սկզբին Հարավային Կորեայում գրանցվել էր մոտ 280 հազար վարակակիր, ապա այժմ նրանց թիվը 50 հազարից էլ քիչ է։

Հարավային Կորեային հաջորդում է Գերմանիան, որտեղ ապրիլի 1-30-ը COVID-19-ով հիվանդացել է 3,3 միլիոն մարդ։ Մարտին այդ թիվը գրեթե երկու անգամ մեծ էր։

Երրորդ տեղում Ֆրանսիան է, որին հաջորդում է Իտալիան։ Ռուսաստանում մարտի համեմատությամբ կորոնավիրուսով վարակման դեպքերը նվազել են շուրջ 4 անգամ։

Իսկ մահացությունը նախկինի պես ամենաբարձրն է ԱՄՆ-ում, որտեղ մեկ ամսում 11,5 հազար մարդ է մահացել COVID-19-ից։ Այնուամենայնիվ, դա 2,5 անգամ ավելի պակաս է, քան գարնան սկզբին։

Երկորրդ տեղում Ռուսաստանն է, որտեղ մահացել է 7 հազար մարդ՝ մարտի համեմատությամբ 58 %-ով պակաս։ Երրորդ տեղում Հարավային Կորեան է, որին հաջորդում է Գերմանիան։