Այսօր՝ մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ապազգային իշխանությունների հեռացման, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները հայկական պահելու պահանջով «Դիմադրության» շարժման համազգային հանրահավաքը։
Հանրահավաքին էին միացել Հայաստանի խորհրդանշական 4 կողմից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից շարժվող քայլերթերի անդամներ, ՀՀ բոլոր մարզերից բազմահազար քաղաքացիներ, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժեր, տարբեր նախաձեռնություններ, կազմակերպություններ։
Հանրահավաքին ներկա էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած համազգային հանրահավաքին բոլորը 1 րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը։
Մայիսի 1-ը մեզ համար պատմական օր է, մեր ժողովրդի զարթոնքի օրն է, մայիսի 1-ը արդեն մեր միասնականության, համախմբվածության, մեր մեջքը ուղղելու և վերջնական հաղթանակի գնալու սկիզբն է․ հանրահավաքի մասնակիցներին դիմեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, գլխավոր և ամենակարևոր հարցը, որի համար հավաքվել ենք և առաջիկա օրերին գործ ունենք սա է․ անցնող օրերին և այսօր վերջնականորեն լուծեցինք այն հարցը, որ օրվա իշխանությունը մանդատ չունի երկիրը զիջումների տանելու, հիմա էլ պետք է լուծենք հաջորդ կարևոր հարցը՝ պետք է ցույց տանք, որ սրանք ոչ միայն մանդատ չունեն, այլ նաև իշխանություն։ Շատ կարճ ժամանակվա մեջ մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի․ սա է մեր առջև դրված խնդիրը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո հրապարակում հանրահավաքի մասնակիցները միասնական երգեցին «Զարթնի՛ր, լաո՛»-ն։
Հանրահավաքին ելույթներով հանդես եկան ԱԺ պատգամավորներ Սսպրամ Կրպեյանը, Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը, Հայկ Մամիջանյանը, Արամ Վարդևանյանը, Արթուր Վանեցյանը։
Հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներ վանկարկում էին «Հայաստան ոտքի՛, Արցախ ոտքի՛, հայ ազգ ոտքի՛»։
Հանրավաքի ավարտին Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․
«Այս պահից սկսած Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է։ Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, քիչ հետո կտեղադրենք վրաններ, և համապատասխան միջոցներ, որպեսզի գիշերը կարողանանք այստեղ անցկացնել»։
Վաղը առավոտվանից էլ դասադուլ և անհնազանդության ակցիաներ կանցկացնենք, յուրաքանչյուրդ փակեք ձեր բակի, գյուղի փողոցը, ցույց տվեք, որ սրանք իշխանություն չունեն»,-ասաց նա:
Վաղը առավոտյան՝ 8:15 հանրահավաքի մասնակիցներին Սաղաթելյանը կրկին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ:
Մասնակիցները սկսեցին նստարաններով եւ աղբամաներով փակել Ֆրանսիայի հրապարակին կից փողոցները:
Նշենք, որ բազմաթիվ ոստիկաններ էին բերվել Ֆրանսիայի հրապարակ։ Քաղաքացիները բռունցքները վեր պահած վանկարկում էին՝ «Նիկոլ, դավաճան», «Ամոթ»։
Իր եզրափակիչ խոսքում Իշխան Սաղաթելյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այս գիշեր հանրահավաքի մասնակիցները՝ այդ թվում խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն ու խմբակցությունների ղեկավարները մնում են հրապարակում, իսկ առավոտյան սկսվում է զանգվածային անհնազանդության գործողություններ Երևանի կենտրոնն ամբողջությամբ կաթվածահար անելու նպատակով։
Սաղաթելյանը նշեց, որ Սփյուռքի բազմաթիվ գաղթօջախներ միացել են «Դիմադրություն» շարժմանը։
«Առաջիկա օրերին աշխարհի բազմաթիվ քաղաքներում տեղի կունենան երթեր, ցույցեր ի զորակցում մեզ, ի հեռացում այս սրիկաների։ Հայ ժողովուրդը միասնական է՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ»,-ասաց նա։