«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի գլխավորությամբ Իջեւանից մեկնարկած երթն է: Նրանք կեսօրին Չարենցավանում էին, իսկ այսօր վերջնակետը Աբովյանն է լինելու: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատգամավորը վերհաստատում է իր խոսքերը՝ «առանց Արցախ չկա Հայաստան եւ առանց Հայաստան չկա Արցախ» ու հիշեցնում՝ այսօր Գետաշենի անկման եւ իր հոր՝ Թաթուլ Կրպեյանի ու զինակիցների մահվան տարելիցն է:
Մյուս խումբը՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ է շարժվում: Այն մեկնարկել էր Սարդարապատից: Քայլերթի անդամներին Էջմիածնում աղ ու հացով են դիմավորել: Պատգամավորը քաղաքացիների հետ զրույցում նշել է, որ սա այն վճռորոշ պահն է, երբ պետք է որոշվի՝ կա՛մ պահպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ էլ շարունակում ենք ամոթը կորցրած ժողովրդի պես ապրել:
Ճանապարհին մեքենաներն ազդանշաներով ողջունում են երթի մասնակիցներին:
Սա Տիգրանաշենից մեկնարկած երթն է: Նրանց Արեւաբույր համայնքում դիմավորել են ծափերով, դրոշներով «միացում, պայքար, հաղթանակ» վանկարկելով: Իսկ երեխաներն էլ ծաղիկներ են նվիրել քայլերթին մասնակցող կանանց: «Սա վերջանական պայքարն է՝ այս իշխանությունների հեռացման»,- նշել է պատգամավոր Աննա Գրիգորյանն ու հավելել, որ քաղաքացիներին տեսնելով համոզվում է՝ այս պայքարը հաղթանակով է ավարտվելու:
«Մարդկանց արձագանքը քանի գնում, այնքան ավելի դրական է դառնում, փոփոխությունը շատ մեծ է»,- նշել է Ապարանից մեկնարկած քայլերթի մասնակիցներից մեկը: Այն առաջ է շարժվում պատգամավոր Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ:
Իսկ արդեն մայրաքաղաքում՝ հավերին որպես վախի խորհրդանիշ Հանրապետության հրապարակ են բերել «Ազատագրական շարժման» անդամները: Ընտանի թռչունների վրա Նիկոլ Փաշինյանի երգիծանկարներն են: Շարժման համահիմնադրի խոսքով՝ ոստիկանները հիմա էլ պետք է հավերին բերման ենթարկեն, քանի որ իրենց շարժման անդամներին այդ երգիծանկարի համար բերման էին ենթարկում:
Բոլոր այս խմբերը մայիսի 1-ին կհասնեն Երեւան: Արդեն մայրաքաղաքում՝ Ֆրանսիայի հրապարակում՝ ժամը 4-ին տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը:
Մանրաասները ներկայացնում են Ալինա Սիմոնյանը, Զարուհի Սահակյանը և Անի Նահապետյանը