կարևոր
718 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-04-30 17:58

Այս իշխանության ելույթներից պարզ է դառնում, որ նրանց պատկերացրած խաղաղությունը կառուցված է Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ․ Մետաքսե Հակոբյան

Այս իշխանության ելույթներից պարզ է դառնում, որ նրանց պատկերացրած խաղաղությունը կառուցված է Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ․ Մետաքսե Հակոբյան

«Հայաստանը և Արցախը մեկ միասնական մարմին են։ Ունենք անվտանգային մեկ համակարգ, ինչը կործանելու առաջին քայլն այն բաժանելն է, դա էլ արվում է»,- պանելային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Մայր-Հայաստան-Արցախ միասնության մեջ Արցախը, նրա խոսքով, դարձել է թիրախ, այնինչ Հայաստանի իշխանությունները մինչ այս ծնողի պես են վերաբերվել Արցախին, երեխայի նման հոգ են տարել Արցախի մասին։

«Բայց 2018 թվականին մի իշխանություն եկավ, որ ուղղակի բաց թողնի երեխային։ 44-օրյա պատերազմը խլեց մեր երիտասարդության սերուցքից հազարավոր կյանքեր, մահացու վտանգի առջև կանգնեցրեց հայոց պետականությունը։ Այդ պատերազմը չէր լինի, եթե իշխանությունն ընտրած լիներ ճիշտ ճանապարհ»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով՝ որքան էլ ՀՀ գործող իշխանությունը համոզի, թե «խաղաղության պայմանագիրը» չի առնչվելու Արցախի հետ, սահմանների երկկողմանի ճանաչումը բերելու է Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելուն։

«Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա լինելու է Մայր Հայաստանի վերջին էջը։ Այս գաղափարի շուրջ է համախմբված Արցախի քաղաքական ամբողջ դաշտը՝ անկախ քաղաքական մյուս հակասություններից։ Նշաձող իջեցնել մենք չենք կարող, չունենք դրա գոյաբանական հնարավորությունը։ Դա մեզ համար կարմիր գիծ է։ Եվ սա չի նշանակում, թե մենք պատերազմ ենք ուզում, որովհետև խաղաղության գինը մեզնից լավ որևէ մեկը չգիտի, բայց խաղաղությունը չեն մուրում, այլ վաստականում ենք, և այն պետք է լինի արժանապատիվ»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա դիտարկմամբ՝ խաղաղության մասին Նիկոլ Փաշինյանի և արցախցիների պատկերացումներն էականորեն տարբերվում են իրարից։

«Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների ելույթներից պարզ է դառնում, որ նրանց պատկերացրած խաղաղությունը կառուցված է Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ։ Հայաստանն իր հարևանների կարող է արժանապատիվ բանակացություններ վարել միայն այն ժամանակ, երբ ունենա չպարտված բանակցող։ Մենք մեզ երբևէ առանձին չենք տեսնում Հայաստանից, այստեղ ապրող մեր հայրենակիցներից։ Մենք միասին ենք, և որևէ իշխանություն չի կարող պառակտել հայ ազգը, որովհետեւ ծայրահեղ դեպքերում մենք միշտ կարողանում ենք լինել միասնական»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։