կարևոր
1726 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-30 17:05

Այս իշխանությունը իր հայտարարություններով լեգիտիմացնում է ադրբեջանական հանցագործությունները․ Արման Թաթոյան

Այս իշխանությունը իր հայտարարություններով լեգիտիմացնում է ադրբեջանական հանցագործությունները․ Արման Թաթոյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են ադրբեջանական հանցագործությունները, Հայաստանին պատկանող հողերում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը։ Այդ մասին Սարյանի պուրակի մոտ հրավիրված հանրային քննարկման ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ 

«Կառավարության ղեկավարը, գործող պաշտպանության նախարարը, որ այն ժամանակ փոխվարչապետ էր, Անվտանգության խորհրդի քարտուղարը մեր ցանկացած բարձրացրած հարցին պատասխանում էին, թե ադրբեջանական տարածքներ են, ոչինչ չեն կարող անել։ Մենք դիմում էինք միջազգային ատյաններին, որ մարդկանց կյանքը դարձել է անհնարին, այնտեղ ասում էին, թե ախր դուք եք ընդունել, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, մենք ինչ կարող ենք անել»,- նշեց Թաթոյանը։ 

«Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետ քաշելու գաղափարը միայն քաղաքական հիմքեր ունեցող, մասնագիտական հենքից ամբողջովին զուրկ մոտեցում է։ Լավ, հարց է առաջանում, այդ զորքերը ո՞նց ենք հետքաշում, որտեղի՞ց ենք հետքաշում։ Ի՞նչ զորքերի մասին է խոսքը՝ բանակի, ոստիկանության, սահմանապահների։ Այս հետքաշումը վերաբերվում է միայն ադրբեջանական ներխուժման հատվածների՞ն՝ Սյունիք, Գեղարքունիք, եթե հետ ենք քաշում, ում հույսին են մնում մեր գյուղերը։ Փոխանակ մենք միջոցներ ձեռնարկենք, որ ադրբեջանցիները հեռանան, մի բան էլ մենք ենք հետ քաշվում», - ասաց նա։ 

Ըստ Թաթոյանի, երբ Հայաստանի իշխանությունները լեգիտիմացնում են ադրբեջանական զորքերի տեղակայումը հայկական տարածքներում, շատ դժվար է լինում ինչ-որ բան անել, քանի որ ադրբեջանցիները «կրակում են իրենց տարածքներից»։ «Հետևաբար, այս իշխանություններն այս հայտարարություններն անում են միայն իրենց քաղաքական շահերից ելնելով, որպեսզի թույլ չտան հանրային դժգոհություն։  

Պետք է ամեն ինչ անենք, որ այս իշխանությունների հայտարարությունները չունենան միջազգային լեգիտիմություն։ Դրանով նրանք վտանգում են մեզնից յուրաքանչյուրի անվտանգությունը», - ասաց Թաթոյանը։