16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 30-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ մշտապես Արցախին սատար կանգնելու համար՝ ընդգծելով, որ հերթական անգամ հայ ժողովուրդը, հատկապես արցախահայությունը, ճակատագրական ժամանակներ է ապրում, և Կաթողիկոսի ու հոգևոր դասի աղոթքներն ու ջանքերը շատ կարևոր են առկա փորձությունները հաղթահարելու համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Արցախի նախագահին ու ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր ու պատասխանատու ժամանակահատվածում առկա բոլոր դժվարություններն ու փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ ու մեր ժողովրդին հատուկ արիության և տոկունության ոգով։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, 44–օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերին և անվտանգության խնդիրներին։ Երկուստեք մտահոգություն են արտահայտել Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործողությունների և հայատյաց քաղաքականության կապակցությամբ։
Նորին Սրբությունը և Արցախի նախագահը կարևորել են բարեկամ երկրների և միջազգային հանրության զորակցությունն Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության գործում՝ անհրաժեշտ համարելով նաև աշխարհասփյուռ հայության հետևողական աջակցությունը՝ ի նպաստ Արցախի զորացման և ապահով ու անվտանգ կյանքի կերտման։
Զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի թեմի գործունեությանը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգության պահպանության խնդիրներին։