կարևոր
1582 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-30 15:31

Միջպետական ​​հարաբերություններում ընդունված պրակտիկա չէ առասպելներին հղում կատարելը. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արարատ Միրզոյանին

Միջպետական ​​հարաբերություններում ընդունված պրակտիկա չէ առասպելներին հղում կատարելը. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արարատ Միրզոյանին

«Ընդհանուր առմամբ միջպետական հարաբերություններում մ. թ.ա. գոյություն ունեցող պատմությանն ու առասպելներին հղում անելու դեպքերը, որպես կանոն, կիրառված պրակտիկա չեն։ Հարևան Հայաստանի արտաքին գործերի նախարարի նման մոտեցումը այն եզակի դեպքերից է, որոնց մենք բախվում ենք»։ Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը։

Աբդուլաևան նշել է, որ «սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզների օգտագործումը կդառնա սահմանային համատեղ հանձնաժողովների բանակցությունների անբաժանելի մասը»:

«Մենք կօգտագործենք բոլոր այն քարտեզները, որոնք ունեն իրավական հիմք»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: