կարևոր
1333 դիտում, 10 ամիս առաջ - 2022-04-30 10:11

Այլևս սևեր ու սպիտակներ չեն լինելու․ մենք մերժում ենք ժողովրդի համար զզվելի դարձած այդ իրականությունը․ Սաղաթելյան

Այլևս սևեր ու սպիտակներ չեն լինելու․ մենք մերժում ենք ժողովրդի համար զզվելի դարձած այդ իրականությունը․ Սաղաթելյան

Երեկ՝ ապրիլի 29-ին Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկեց «Զարթնի՛ր, լաո» «Դիմադրության» շարժման իրազեկման բազմամարդ երթը։

«Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Միացում» «Պայքար», «Հաղթանակ» վանկարկումների ներքո քայլերթի մասնակիցները շարժվեցին մայրաքաղաքի կենտրոնական հատվածներով` Խանջյան, Սայաթ-Նովա, Չարենց փողոցներով:

Այս պահին Գյումրիում տեղի է ունենում բազմահազարանոց երթ՝ եկեք մեր ողջույնի խոսքերը փոխանցենք․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երթի ժամանակ եւ հավելեց՝ «Դիմադրության» հաղթարշավի պայքարի երթը շարունակվում է։

Քաղաքացիները մայթերից եւ պատուհաններից ողջունում էին երթի մասնակիցներին։

Ողջ երթի ընթացքում հնչում էին հայրենասիկան երգեր, պայքարին միանալու կոչեր։

Օրվա իշխանությունների այն հույսերը, որ այլեւս հայ ժողովուրդին Արցախը չի հետաքրքրում եւ կմարսեն այն ապօրինությունը, որն անելու են, այլեւս հօդս է ցնդել․ երթի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Ժողովուրդը ոտքի է կանգնել, պատրաստ է պաշտպանելու իր իրավունքները, Արցախը, Հայաստանը։ Այլեւս իրենք չեն տիրապետում իրավիճակին, առաջիկա օրերին շատ հստակ իրենց մաշկի վրա կտեսնեն, կզգան։ Ժողովուրդն անվտանգություն է ուզում, բարեկեցություն, ուզում է հայրենիք ունենալ ու քաջգիտակցում է, որ այստեղ Հայաստանի լինելիության հարցն է, դրա համար ոտքի է կանգնել, մենք գնալու ենք մինչեւ վերջ։ «Մայիսի մեկից մենք սկսում ենք մեր պայքարի վերջնական եւ կարեւոր փուլը»,- նշեց Սաղաթելյանը։

«Նիկոլի օրակարգը, դա խաղաղության օրակարգ չէ, Նիկոլի օրակարգը հայրենազրկման օրակարգ է։ Եթե Արայիկ Հարությունյանը դրա հետ համաձայն է, դա զուտ իր խնդիրն է։ Նիկոլին ով այսօր հավատում է, ես ի՞նչ կարող եմ այդ մարդուն ասել։ Նիկոլը ստի տոպրակ է, ինքն առաջին օրից մինչև այսօր որևէ ճիշտ բան չի ասել։ Հիմա կարող է մի քիչ էլ ճնշումն ավելացնենք, վեր կենա և ասի՝ Կարսը, Արդահանը, Էրզումը, Բաթումն էլ է Հայաստան են և վերջ։ Եթե ինքը հասկացել է ժողովրդի ցասումը և ուզում է ինչ–որ ձև դրա տակից դուրս գալ, մենք խաբվելու որևէ պատճառ չունենք»,– ասաց նա։

Հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, թե խաղաղության օրակարգը, պարտության օրակարգ չէ, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այսօր արդեն հասել ենք մի կետի, երբ արդեն չարժե նույնիսկ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Փաշինյանը, եթե այդքան համարձակություն ունի, թող Իլհամի Ալիևի հայտարարություններին պատասխանի։

«Անիմաստ է իր ասածները քննակել, որովհետև ինքը խաբեբա, սուտասան մարդ է, որն իր ստի, կեղծիքի և դավաճանության արդյունքում մեր երկիրը հասցրեց այսպիսի ծանր իրավիճակի։ Արդեն քիչ–քիչ հասնում է այն պահը, որ Նիկոլն այլևս չկա, պետք է խոսենք, համախմբենք, ուժերը կենտրոնացնենք տեսնենք, թե երկիրն ինչպես ենք դուրս բերում ստեղծված իրավիճակից»,– հավելեց նա։

Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ մայիսի 1-ից հետո նույնպես շարունակվելու է ապակենտրոն պայքարը այնքան, ինչքան դրա անհրաժեշտությունը կլինի։

Երթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում։

«Մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում սևեր ու սպիտակներ չեն լինելու։ Մենք մերժում ենք ժողովրդի համար զզվելի դարձած այդ իրականությունը և փակում պառակտվածությունների ու անհանդուրժողականության էջը։ Այսօրվանից մենք միասնական ենք։ Եվ դուք դա կտեսնեք մայիսի 1-ին: Դիմադրության շարժման իրազեկման երթը վաղը եւս տարբեր ակցիաներ կկազմակերպի, բայց առանձին երթ չի իրականացնի. վաղը հանդես կգանք մամուլի ասուլիսով»,- երթի ավարտին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։