կարևոր
1360 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-29 21:27

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ղեկավարները խոսում են «Խաղաղության օրակարգից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ղեկավարները նույն օրը, գրեթե նույն ժամերին խոսում են տարածաշրջանում խաղաղության օրակարգից: Արայիկ Հարությունյանը Հայաստանի կառավարությունում Նիկոլ Փաշինյանին ասում է, թե Արցախի բնակչությունը ողջունում է խաղաղության օրակարգը, բայց եւ չի հրաժարվում ինքնորոշման իրավունքից: 
Արցախցիների ինքորոշման իրավունքը Փաշինյանն իր ելույթում չի շեշտում, խոսում է ընդհանրական իրավուքներից: Ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը՝ անտրամաբանական համարելով այնպիսի բովանդակություն, որ բանակցվի եւ իրագործվի ծածուկ: Փաշինայնը համոզված է, որ շարժվում է ճիշտ ճանապարհով՝ վստահ լինելով, թե խաղաղության օրակարգը պարտության օրակարգ չէ: 
Այս հարցում Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունն այլ է՝ պայմաններ, պահանջներ ու սպառնալիքներ: Բաքվում անցկացված միջազգային համաժողովին Ալիեւը կրկնում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իր պահանջներից մեկը՝ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից, պետք է հրաժարվի 2 օկուպանտ երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից: 
Մինչդեռ, Ալիեն ասում է, որ Ադրբեջանը շարունակելու է ամրապնդել բանակը՝ վախենալով, իր իսկ ձեւակերպմամբ, Հայաստանում ռեւանշիստական ուժերից: Հայաստանի ու Արցախի ուղղությամբ պարբերաբար սադրաքների դիմող ագրեսոր երկրի ղեկավարը, առանց մանրամասնելու, պնդում է նաեւ, թե իբր Ղարաբաղի հայերից դրական ազդակներ է ստանում եւ սկսվել են առաջին շփումները, միեւնույն ժամանակ՝ Ալիեւը պահանջում է արցախահայությունից վերջ դնել թշնամանքին ու համակերպվել, որ պետք է ապրեն ադրբեջանցիների հարեւանությամբ: 
Ալիեւն ասում է, որ Բրյուսելն իր համար դարձել է ճամփորդությունների հիմնական հանգրվանը՝ համոզմունք հայտնելով, որ Եվրամիությունը կարող է ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Ալիեւը հայտարարում է, որ մայիսի սկզբին նորից Բելգիայի մայրաքաղաքում կարող են հանդիպել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի արտգործնախարարության խոսնակն ասել էր, թե նման հանդիպման մասին տեղեկություն չունեն, բայց ավելի ուշ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» եթերում հաստատել էր Ալիեւի ասածը՝ նշելով, որ մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ: 
Մայիսին կկայանա նաեւ մեկ այլ հանդիպում արդեն Ռուսաստանի միջնորդությամբ: Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել եւ պայմանավորվել՝ մայիսի 13-ին, Դուշանբեում կայանալիք ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում, Արարարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը եռակողմ հանդիպում կանցկացնեն: 

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում