կարևոր
640 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-04-29 17:58

Սպանության, սպանության փորձերի դեպքերն էականորեն նվազել են

Սպանության, սպանության փորձերի դեպքերն էականորեն նվազել են

2022թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ՀՀ դատախազության կողմից վերջին տարիներին որպես առաջնահերթություն հռչակված մի քանի առանցքային ուղղություններով հանցավորության դինամիկայի շոշափելի բարելավում: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Մասնավորապես, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալների՝ 2021թ. առաջին կիսամյակի համեմատ միջին ծանրության հացնագործությունների դեպքերը նվազել են 13.1%-ով, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 19.2%-ով (ծանր հանցագործությունների դեպքերի դինամիկան էական փոփոխություններ չի կրել): Ընդ որում միջին ծանրության հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 47.9%, իսկ առանձնապես ծանր հանցագործություններինը՝ 54.3%, 2021թ. նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 43.5%-ի և 52.3%-ի դիմաց:

Հատկապես կարևոր է, որ ծանր հանցագործությունների նվազումը տեղի է ունեցել սպանության, սպանության փորձերի դեպքերի նվազման հաշվին: Եթե 2021թ առաջին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել էր սպանության 18 դեպք՝ ապա 2022թ.10 դեպք: Այսինքն սպանության դեպքերը նվազել են 44.4%-ով: 2022թ. արձանագրվել է սպանության փորձի 8 դեպք՝ 2021թ. 12 դեպքի դիմաց, կամ 33.3%-ով պակաս:

Զուգահեռաբար նվազել են նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և հատկապես ծանր վնաս պատճառելու դեպքերը: Եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 221 դեպք, ապա 2022թ. նույն ընթացքում՝ 208 դեպք կամ շուրջ 6%-ով պակաս, իսկ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը նվազել են 15.2 %-ով (2021-ին՝ 66 դեպք, 2022-ին՝ 56):

Երկրում հացնավորության վիճակի գնահատման տեսանկյունից հանցագործության այս տեսակներով նվազման միտումները մեծապես պայմանավորված են եղել նախորդ և ընթացիկ տարում ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից  համակարգված մասշտաբային բնույթ կրող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ:

Բացի այդ, դատախազության կողմից 2021թ. ընթացքում ոստիկանությանը հանձնարարություններ էին տրվել ձեռնարկելու անհետաձգելի համալիր միջոցառումներ՝ հանցածին միջավայր ստեղծող իրավիճակները պարզելու, վրեժխնդրության հողի վրա, շարունակություն ենթադրող, լարված իրավիճակները, նախկինում անձի կյանքի  դեմ ուղղված, ինչպես նաև զենքի գործադրմամբ հանցանք կատարած, քրեական ենթամշակույթի կրող անձանց, քրեածին տարրերի նկատմամբ օպերատիվ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Իսկ ՀՀ դատախազության ստորաբաժանումներին ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել էր կոնկրետ գործողությունների մատնանշմամբ նախաքննական և օպերատիվ-հետախուզական մարմիններին ցուցումներ ու հանձնարարություններ տալու, դրանցով կոնկրետ արդյունքներ ապահովելուն հետամուտ լինելու հանձնարարություն: Արդյունքում 2022թ.  սկզբում Երևան քաղաքում, Լոռու մարզում բացահայտվել և կանխվել են առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների դեպքեր: