Զոհված զինծառայողների հարազատները Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանից հետո վերադարձել են Գլխավոր դատախազության մոտ և պահանջում են հանդիպում Արթուր Դավթյանի հետ և իրենց պահանջների բավարարում: Ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը և նշում են, որ փակ են պահելու փողոցն այնքան ժամանակ, քանի դեռ դատախազը չի հանդիպել իրենց հետ։ Արդեն 2 ժամից ավել է ծնողները գտնվում են Դատախազության շենքի դիմաց։ Այնտեղ են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Ղազինյանը և Արամ Վարդևանյանը։
Դատախազությունց առաջարկ է եղել, որ Արթուր Ղազինյանը բարձրանա Դատախազություն՝ ծնողների պահանջները քննարկելու, սակայն ծնողները մերժել են առաջարկը՝ նշելով, որ իրենք են ցանկանում հանդիպել դատախազի հետ։
Ավելի ուշ ծնողները որոշում են կայացրել և լիազորել են փաստաբան Վահան Հովհաննիսյանին, որպեսզի ինքը հանդիպի Դատախազության ներկայացուցչի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Շառլ Ազնավուրի հրապարակում։