կարևոր
1369 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-29 15:53

Զոհված զինծառայողների հարազատները կրկին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ են

Զոհված զինծառայողների հարազատները կրկին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ են

Զոհված զինծառայողների հարազատները կրկին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ են։ Ծնողները պարզաբանում են պահանջում դատախազությունից՝ դատախազի կողմից տրված ցուցումը Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից չկատարելու առնչությամբ։ 

Արդեն տեղեկացրել ենք՝ զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում էին քրեական գործով իրենց որպես տուժողների իրավահաջորդ ճանաչել, ինչը բավարարվել է և դատախազը ցուցում էր տվել քննիչին՝ ծնողներին տուժողների իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Մյուս պահանջը, որը ներկայացվել էր ծնողների կողմից, վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն։ Այսօր ծնողները գնացել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ որպես տուժող ներգրավվելու համար, սակայն քննիչը հրաժարվել է ընդունել ծնողներին՝ պատճառաբանելով, թե զբաղված է։

Ծնողներն այժմ դատախազության շենքի մոտ են։ Նրանց հետ են նաև իրավաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ։ ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ՝ իրավաբան Արթուր Ղազինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, ամեն օր սպառվում է իրավական ճանապարհով այս մարդկանց պահանջները կատարելու ռեսուրսը, ընդ որում՝ իրավապահ մարմինների անպատասխանատու, անլուրջ վարքագծով, հետևաբար, հետագա զարգացումների իրավական լուծումների սպառման պատասխանատվությունը մնալու է այս մարմինների վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել։

Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Շառլ Ազնավուրի հրապարակում։