կարևոր
484 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-29 13:54

Ազգային ինքնորոշման ձգտումները ազդեցություն են ունենալու եվրոպական ժողովրդավարական ուղու, խաղաղության և կայունության վրա, եթե չլինեն արդար և ազնիվ որոշումներ. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում «Եվրոպայում իրական ժողովրդավարության պաշտպանությունը եւ խթանումը» զեկույցի քննարկման ժամանակ:

«Նախ` կցանկանայի անդրադառնալ այն պնդմանը, որ, մեջբերում եմ, «ժողովրդավարությունը մեծամասնության դիկտատուրան չէ»։ Ցավոք սրտի, սա այն ուղին է, որն անցած տարիներին ընտրել են մեր անդամ պետությունների մի շարք կառավարություններ:

Այս ուղին հաճախ հանգեցնում է մեկ քաղաքական ուժի կողմից իշխանության կոնսոլիդացման եւ, հետեւաբար, ուռճացված գործադիր իշխանության: Հետո դա առաջ է բերում խորհրդարանի դերի եւ քաղաքական ընդդիմության աշխատանքի սահմանափակում: Ակնհայտ են նաեւ լրատվամիջոցների հանդեպ հետագա սահմանափակումները եւ խոսքի ազատության նոր արգելքները, ինչպես նաեւ` միջամտությունը դատարանների աշխատանքին: Փաստորեն, մենք ականատես ենք լինում այսպես կոչված «լիբերալ դիկտատուրայի» ձեւավորմանը:

Մեզանից շատերին անհայտ պատճառներով Եվրոպայի խորհուրդը եւ շատ այլ կազմակերպություններ մինչ այժմ նախընտրել են անտեսել վերը նշված միտումները: Հուսով եմ` դա ավանդական ժողովրդավարական արժեքների եւ նոր գլոբալ քաղաքականության միջեւ փոխզիջման արդյունք չէ: Կարծում եմ` «իրական ժողովրդավարություն» ապրանքանիշը չի կարող շնորհվել որեւէ երկրի` ցանկացած աշխարհաքաղաքական հաշվարկների կամ նախապատվությունների պատճառով: Ավելին, ինձ թվում է, որ մեծամասնության դիկտատուրայի ներկայացված բացասական դրսեւորումները մոնիտորինգի հատուկ առարկա պետք է դառնան կազմակերպության անդամ երկրներում:

Երկրորդ` հղում է կատարվում որոշակի «պատասխանատվությանն այլ անդամ պետությունների հանդեպ», որ պետք է ունենա իրական ժողովրդավարությունը` «արդարության եւ միջազգային համագործակցության վրա հիմնված խաղաղության» ընդհանուր նպատակին հասնելու համար: Ես համաձայն եմ սրա հետ, բայց կարծում եմ` «երկակի ստանդարտները» պետք է հանվեն:

Ակնհայտ է, որ նոր Եվրոպան մինչ այժմ չի կարողացել գտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամենախելամիտ եւ նորագույն լուծումը: Մենք պետք է գիտակցենք, որ ազգային ինքնորոշման պատմականորեն ընդգծված ձգտումները շարունակելու են իրենց ազդեցությունն ունենալ մայրցամաքում եվրոպական ժողովրդավարական ուղու, խաղաղության եւ կայունության վրա, եթե չլինեն արդար եւ ազնիվ որոշումներ:

Հարգելի' գործընկերներ, մենք չպետք է ունենանք այնպիսի դեպքեր, երբ անդամ պետություններում ժողովրդավարության որակն անտեսվի աշխարհաքաղաքական ցանկացած վերափոխումների պատճառով: Կարծում եմ` այս կազմակերպության հիմնադիրների տեսակետն էր, որ անդամ պետությունների ներսում եւ նրանց միջեւ հակադեմոկրատական գործընթացներն օբյեկտիվ գնահատականի արժանանան Ստրասբուրգում», - նշել է Արմեն Գեւորգյանը: