կարևոր
1099 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-29 10:36

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հետաքրքրվել են հայ ռազմագերիների չվերադարձման պատճառների մասին

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հետաքրքրվել են հայ ռազմագերիների չվերադարձման պատճառների մասին

Ապրիլի 28-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ու Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի (LICRA) ներկայացուցիչների, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, ինչպես նաև Ֆրանսիայում գործող հայ փաստաբանների ու իրավաբանների ասոցիացիայի (AFAJA) ներկայացուցիչների հետ:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ու Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հետևողականորեն իրականացվող հայատյացության քաղաքականության դրսևորումները, որոնք արտահայտվել են ինչպես 2020թ պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանից հետո։

Ներկայացվել է արցախահայության նկատմամբ իրականացվող ատելության քաղաքականության դրսևորումները, ի թիվս այլնի, շփման գծին մոտ գտնվող գյուղերի բնակչության ահաբեկման ու ուժի կիրառման դրսևորումները։ Անդրադարձ է կատարվել էթնիկ ու կրոնական ատելությամբ պայմանավորված պետական քաղաքականության այնպիսի դրսևորումներին, ինչպիսիք են ավարի պուրակը, հայկական ժառանգության նմուշների ու հայկականության հետքերի վերացման Բաքվի վարչակազմի կոնկրետ գործողություններին, ինչպես նաև ադրբեջանական պետության ղեկավարի՝ ատելություն հրահրող ու հայատյացության խոստովանություն հանդիսացող հայտարարություններին։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հետաքրքրվել են հայ ռազմագերիների ու պահվող անձանց չվերադարձման ադրբեջանական մոտեցման պատճառների, միջազգային իրավական գործընթացների մասին։ Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի ներկայացուցիչներն անընդունելի ու դատապարտելի են համարել ռազմավարի պուրակի բացման ու երիտասարդ սերնդին ատելությամբ դաստիարակելու գործելակերպերի վերաբերյալ՝ շեշտելով, որ նման կազմակերպվածությամբ ատելության քաղաքականությունը նոր հանցագործություններ կարող է ծնել։