կարևոր
1489 դիտում, 10 ամիս առաջ - 2022-04-28 21:37

Պատերազմն Ուկրաինայում․ օր 64․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդային միության 60-ամյակի կապակցությամբ 40 տարի առաջ Կիեւում կանգնեցված ռուս-ուկրաինական բարեկամության արձանն է կադրերում: Հուշարձանը պահպանելու իմաստ ՈՒկրաինայում այլեւս չեն տեսնում: 
Մինչ Ռուսաստանն ուժեղացնում է հարձակողական գործողության տեմպերն Ուկրաինայում ու մասնավորապես՝ Դոնբասում, հակառակ ճամբարում Ռուսաստանին ամեն գնով ճնշել են փորձում: Տեւական ժամանակ ընդդիմանալուց հետո Գերմանիան եւս որոշել է ծանր զինտեխնիկա մատակարարել Ուկրաինային:  
Բորոդյանկայում, Բուչայում, Իրպինում եւ Կիեւում շրջայց է կազմակերպվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար, որն Ուկրաինա է ժամանել Մոսկվայից եւ ուզում է նպաստել Մարիուպոլից քաղաքացիական բնակչության տարհանման կազմակերպմանը: Իրպինում «ԲիԲիՍի»-ի թղթակից Սարահ Ռեյնսֆորդն իր տպավորությունների մասին է պատմում: Գուտերեշը, նրա խոսքով, զգուշորեն է ընտրում իր խոսքերը: Ընդհանրական է խոսում պատերազմի մասին ու խուսափում ուղղակիորեն մեղադրել Ռուսաստանին: 
Սանկտ Պետերբուրգում Օրենսդիրների խորհրդի նիստում Ռուսաստանի նախագահը նորից նախազգուշացնում է՝ հանկարծ դրսից որեւէ մեկը չմիջամտի Ուկրաինայի իրավիճակին: 
Ամեն դեպքում, իրադրությունը փոքր ինչ մեղմելու միտում կողմերից որեւէ մեկի մոտ չի նկատվում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքին միանալու գործընթացը կարագացվի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի համար, եթե նրանք որոշեն դիմել անդամակցության համար: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Արեւմուտքը պարտավոր է կրկնապատկել ջանքերը, ծանր զինատեսակներ տրամադրելով՝ սատարել Կիեւին ու դուրս մղել ռուսական ուժերին Ուկրաինայի ամբողջ տարածքից: 
Իրավիճակը հատկապես թեժացրել է Մեր Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն ՈՒոլեսը: Նա հայտարարել է, թե արդարացի ու միջազգային օրենքի տեսանկյունից օրինական կլինի, եթե Ուկրաինան թիրախավորի Ռուսաստանի նյութատեխնիկական ապահովման ենթակառուցվածքները, որպեսզի խաթարի սննդամթերքի, վառելիքի ու զինամթերքի մատակարարումը ռուսական զորքերին: Կրեմլից արդեն արձագանքել են՝ ասելով, թե արեւմտյան երկրներն այժմ բացահայտ կոչ են անում Ուկրաինային հարձակվել Ռուսաստանի վրա:

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Իվանյանը