կարևոր
1027 դիտում, 10 ամիս առաջ - 2022-04-28 15:21

Կստեղծվի ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման և պարբերական վկայագրման ավտոմատացված համակարգ

Կստեղծվի ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման և պարբերական վկայագրման ավտոմատացված համակարգ

Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգ կստեղծվի։ Կառավարությունը ապրիլի 28-ի նիստում որոշում կայացրեց այդ նպատակով հատկացնել 23 միլիոն 400 հազար դրամ: 

«Որոշման նախագծով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ծրագրային ապահովման նպատակով ավտոմատացված համակարգի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովումը:

Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբեր ամսին ընդունվել են երկու որոշումներ և կարգեր են սահմանվել, որն էլ այս գործընթացի սկիզբ է դրել: Հիմա այս գործընթացի մի մաս է կազմում էլեկտրոնային շտեմարանի առկայությունը: Հայտարարվել է մրցույթ, և շահող ընկերությունը 23 միլիոն 400 հազար դրամով հաղթող է ճանաչվել: Առաջարկում ենք այս որոշման նախագծով գումար հատկացնել, որպեսզի այս ամբողջ գործընթացի այդ փուլն էլ ավարտենք և օգոստոսի 1-ից համակարգը սկսի գործել»,- ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարի խոսքով` այս ոլորտում առկա է լուրջ անվտանգային խնդիր: «Ցավոք, երբեմն տեղի են ունենում գազաբալոնային համակարգի խափանումներ, պայթյուններ, որոնց ընթացքում մեր համաքաղաքացիները վնասներ են կրում»,- հավելեց Սանոսյանը:

Նրա խոսքով` Հայաստանում բոլոր  շահագործվող սեղմված և հեղուկ գազ ունեցող մեքենաները պետք է համակարգով ստուգվեն առնվազն երկու տարի մեկ անգամ, կան որոշ տեսակի բալոններ, որոնց դեպքում թույլատրվում է 3 տարի մեկ անգամ ստուգել:

«Երկու համակարգ է գործում, մեկը` լիցենզավորված կազմակերպություններ են, որոնք պետք է տեղադրեն և հետո նաև ստուգեն: Կա էլեկտրոնային համակարգ, որտեղ այդ ստուգման արդյունքները մուտք են արվում: Շտեմարանը ղեկավարելու է մեր նախարարությունը, բայց մի շարք գործընկերների թույլատրվելու է այդ համակարգից օգտվել, մասնավորապես՝ գազալցակայաններին, տեսչական մարմիններին:  Երբ մեքենան կգնա կայան ստուգվելու, ոչ միայն թղթային տարբերակով, այլ նաև էլեկտրոնային տարբերակով տվյալները լրացվում են: Հետո գազալցակայանի աշխատակիցը լիցքավորելուց առաջ, մեքենայի համարը հավաքելով, այդ համակարգում տեսնում է՝ մեքենան անցել է ստուգում, թե չէ:

Գլխավոր նպատակը անվտանգությունն է, բայց նաև կհասկանանք, թե մեր երկրում գազով աշխատող որքան մեքենաներ կան»,- եզրափակեց Սանոսյանը: