կարևոր
1792 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-28 12:25

«Դիմադրություն» շարժման երրորդ խմբի քայլերթը դեպի Երևան մեկնարկել է Դրոյի շիրիմի մոտից

«Դիմադրություն» շարժման երրորդ խմբի քայլերթը դեպի Երևան մեկնարկել է Դրոյի շիրիմի մոտից

Բաշ Ապարանից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման քայլերթի երրորդ ուղղության հետ դեպի Երևան է գալիս ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայասատան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Երթի մեկնարկին Դրաստամատ Կանայանի շիրմի մոտ հոգեհանգստի կարգ մատուցվեց և երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին։

«Ամբողջ հայ ազգը դիմագրավում է մարտահրավեր, որի առաջ կանգնած չի եղել վերջին 100 տարիների ընթացքում։ Թուրք-ադրբեջանական հրոսակները չեն թաքցնում իրենց նպատակները՝ ոչնչացնել Հայաստանը, հայ ազգը, քանի որ հայ ազգ առանց Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների գոյություն ունենալ չի կարող»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Հայաստանի իշխանությունները փոխանակ բռունցքվելու, նշեց նա, մեր ոխերիմ թշնամիներին հակահարված տալու՝ խոսում են հաշտության, խաղաղության մասին, բայց խորքի մեջ խոսում են մակողմանի զիջումների մասին։

«Մենք ենք խաղաղության կողմնակիցները, և մենք հայտարարում ենք՝ քանի Հայաստանը հզոր պետություն չէ, Հայաստանը չի կարող այս տարածաշրջանում խաղաղ ապրել։ Դրա համար մեր բոլոր քաղաքացիներին, ում փորձում են խաբել՝ իբրև թե այս ուժերը եթե գան՝ դրանք կբերեն պատերազմ՝ ո՛չ, միայն մենք կկարողանանք ապահովել Հայաստանի անվտանգությունը, կկարողանանք ապահովել խաղաղություն Արցախում, Հայաստանի Հանրապետության սահմաններին և ներդաշնակություն ՀՀ ներսում»,-նշեց նա ու հավելեց՝ ուրեմն, զարթնի՛ր լաո, դեպի առաջ, դեպի հզոր և միացյալ Հայաստան։

Արթուր Խաչատրյանի կոչով երգեցին Դրոյի երգը. «Մենք այս սրբազան վայրից սկսում ենք մեր քայլերթը, որպեսզի ցույց տանք, որ մենք տեր ենք մեր երկրին, տեր ենք մեր ազատագրության դատին և տեր ենք մեծ Դրոյի, Արամ Մանուկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի, Մովսես Սիլիկյանի, Ասկոլկա Աշոտի, Թաթուլ Կրպեյանի, Մոնթեի, Լիոնիդ Ազգալդյանի թողած ժառանգությանը, և մենք թույլ չենք տա, որ դրսի թշնամիները և նրանց ներսի համախոհները Հայաստանը, Արցախը տանեն կործանման»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը։

Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։