կարևոր
1339 դիտում, 10 ամիս առաջ - 2022-04-27 21:27

Ռուսաստանը դադարեցրել է գազամատակարարումը Լեհաստանին և Բուլղարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումները Լեհաստանին եւ Բուլղարիային: «Գազպրոմ» ընկերությունը հայտնել է պատճառը՝ եվրոպական այդ 2 երկրները հրաժարվել են կապույտ վառելիքի դիմաց վճարել ռուբլով: 
Բուլղարիան պնդում է, որ ապրիլ ամսվա գազամատակարարման գումարն ամբողջությամբ արդեն վճարել էր եւ այս կերպ Գազպրոմը խախտում է պայմանագիրը: Նույն մեղադրանքը հնչում է Լեհաստանից: Պաշտոնական Վարշավան պատրաստվում է քայլեր ձեռնարկել՝ փոխհատուցում ստանալու համար: Տուժող երկրները հայտարարում են, որ կարող են գազ ստանալ այլ աղբյուրներից եւ այս հարցում ակնկալում են Եվրամիության աջակցությունը, վստահ են նաեւ, որ այս քայլով Ռուսաստանը ձգտում է պառակտել արեւմտյան դաշնակիցներին: 
Ռուսական գազը «ոչ բարեկամական երկրներին» այսուհետ ռուբլով վաճառելու որոշումը Մոսկվայի պատասխանն է Արեւմուտքի պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Ուկրաինայում պատերազմի հետեւանքով: Բայց Եվրահանձնաժողովի նախագահը կարծում է, որ Եվրամիության անդամ 2 պետություններին գազամատակարարման դադարեցումը անհիմն է ու անընդունելի, նաեւ եւս մեկ անգամ ցույց է տալիս Ռուսաստանի՝ որպես գազ մատակարարող երկրի անվստահելիությունը: 
Կրեմլում վստահ են, որ եվրոպական մի շարք երկրներ հրաժարվում են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել՝ Ռուսաստանին պատժելու ցանկությունից դրդված, անգամ սեփական գազասպառողներին վնաս հասցնելու գնով: 
Պեսկովը վստահեցրել է, որ գազամատակարարումը կվերականգնվի, եթե կատարվեն համապատասխան վճարումները: Զգուշացրել է նաեւ, որ Լեհաստանի եւ Բուլղարիայի ճակատագրին կարժանանան եվրոպական մյուս երկրներն էլ, եթե վճարման օրը հրաժարվեն կատարել Մոսկվայի պայմանները: Թեեւ Լեհաստանն ու Բուլղարիան Եվրամիության անդամ առաջին երկրներն են, որոնց գազամատակարարումը Ռուսաստանը դադարեցրել է, բայց միակը չեն, որ պաշտոնապես հրաժարվել են կապույտ վառելիքը գնել ռուբլով: Այս պահին եվրոպական միակ երկիրը, որը համաձայնել է Ռուսաստանի պայմաններին Հունգարիան է: Ի դեպ, «Գազպրոմի» հայտարարությունից հետո Եվրոպայում գազը 19 տոկոսով թանկացել է:

Մանրամասներրը՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում