կարևոր
568 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-27 13:52

Պետք է մտածենք՝ ինչպես դասեր քաղել այն ամենից, թե Եվրամիությունն ինչ վերաբերմունք է ցույց տալիս իր անդամներին ժողովրդավարական ճանապարհից հետ կանգնելու համար. Արմեն Գևորգյան

Պետք է մտածենք՝ ինչպես դասեր քաղել այն ամենից, թե Եվրամիությունն ինչ վերաբերմունք է ցույց տալիս իր անդամներին ժողովրդավարական ճանապարհից հետ կանգնելու համար. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում:

«Եվրոպական մայրցամաքում վերջին զարգացումները բոլորիս պետք է ստիպեն մտածել, թե Եվրոպայի խորհուրդն ինչպես կարող է մնալ այն հիմնական կառույցը, որը կկարողանա պաշտպանել ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական արժեքները, ինչպես նաեւ՝ Եվրոպայի ժողովուրդների համար լինել երկխոսության եւ զարգացման հարթակ:

Ճիշտ ժամանակն է ընդունելու Եվրոպայի խորհրդի համար Լիսաբոնի պայմանագրի մեր սեփական տարբերակը՝ հաշվի առնելով 21-րդ դարի պահանջները եւ նոր իրողություններն աշխարհում:

Կարծում եմ՝ այս զեկույցը եւ կից բանաձեւի նախագիծը փորձում են բաժանում սերմանել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջեւ՝ ամբողջովին քաղաքական եւ, ըստ էության, աշխարհաքաղաքական առումներով:

Եթե մենք հայտարարում ենք, որ Խորհուրդը, մեջբերում եմ՝ «Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության չափանիշ է», ապա մենք պետք է ավելի հստակ վերաբերմունք ցուցաբերենք յուրաքանչյուր անդամի ներքին քաղաքականության եւ այն առումով, թե արդյո՞ք դրանք իսկական ժողովրդավարական պետություններ են: Միայն միջազգային այլ կազմակերպություններին, օրինակ՝ Եվրամիությանը միանալու իրենց քաղաքական եւ աշխարհաքաղաքական նկրտումներով պետություններին գնահատելն ինքնաբերաբար չի նշանակում, որ այդ երկրներում մարդու իրավունքները պատշաճ պաշտպանվում են, իսկ ժողովրդավարությունն էլ ապրելակերպ է:

Այլ կերպ ասած՝ աշխարհաքաղաքական ընտրությունները, հատկապես ներկայիս լարված միջազգային իրավիճակում, չպետք է համարվեն որոշ պետությունների՝ ժողովրդավարական չափանիշներին հավատարիմ մնալու չափորոշիչ:

Ավելին, ինչ վերաբերում է Եվրամիության հետ համագործակցությանը, կարծում եմ, որ պետք է միասին մտածենք՝ ինչպես դասեր քաղել այն ամենից, թե Եվրամիությունն ինչ վերաբերմունք է ցույց տալիս իր անդամներին ժողովրդավարական ճանապարհից հետ կանգնելու համար: Եվրոպայի խորհուրդը պետք է մշակի նման գործիքակազմ: Հակառակ դեպքում դժվար կլինի հասնել «ժողովրդավարության նշաձող» լինելու ձգտմանը:

Եզրափակելով ելույթս՝ ուզում եմ ասել, որ ես չեմ ընդունում անդամ պետությունների միջեւ աշխարհաքաղաքական հիմքի վրա արհեստականորեն բաժանումներ սերմանելու գաղափարը եւ, իհարկե, կարծում եմ, որ ժողովրդավարական կառավարման եւ օրենքի գերակայության հարցերում յուրաքանչյուր անդամի ըստ արժանվույն վերաբերվելը մեր ձգտումներն առաջնորդող ուղենիշը պետք է լինի», - նշել է Արմեն Գեւորգյանը: