Բժշկական սպիտակ խալաթներով ու ախտահանիչ միջոցներով՝ Ազատագրական շարժման անդամները բողոքի իրազեկման ակցիա իրականացրին Կառավարության շենքի մոտ։
Նրանք ախտահանեցին ՀՀ կառավարության շենքը, որպեսզի ազատագրվենք այլասերումից։
«Ներկա իշխանությունների այլասերվածությունը փորձում է ներխուժել մեր առօրյա։ Այսօրվա մեր իրազեկման ակցիան ուղղված է հենց դրան»,-ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Արա Զոհրաբյանը։
Վահագն Չախալյանը հավելեց, որ բժշկական միջամտություն են իրականցնելու և ախտահանելու են այն սուբյեկտին, ով դրա հեղինակն է։
«Մենք պատրաստվում ենք ազատագրվել այլասերումից և ախտահանել կառավարության շենքը և մեր հիվանդին վերադարձնել իր բնակության վայր»,-ասաց Չախալյանը։
Ակցիայի ընթացքում ոստիկանները հայհոյանքներով հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա։ Ազատագրական շարժման ակտիվիստներից Վազգեն Պետրոսյանին, Վահագն Չախալյանին և մոտ մեկ տասնյակ այլ անձանց բռնի ուժով նստեցրին մեքենան ու տարան։
«Ոստիկաններին ևս ախտահանել է պետք»՝ գոչեցին ակցիայի մասնակիցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատագրական շարժման անդամները բողոքի իրազեկման ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։