կարևոր
1357 դիտում, 10 ամիս առաջ - 2022-04-26 21:49

Թուրքիայի նախագահը «չի մարսում» Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնումը ոչ իր երկրի ներսում, ոչ էլ դրա սահմաններից դուրս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռեջեփ Էրդողանը չի մարսում Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնումը ոչ Թուրքիայի ներսում, ոչ էլ դրա սահմաններից դուրս: Ցեղասպան երկրի ղեկավարը, ջղաձգվել է Միացյալ Նահանգների նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձի պատճառով: Ջո Բայդենը երկրորդ տարին անընդմեջ կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը: Ամեն անգամ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար դիվանագիտական սկանդալ սարքող Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե իբր նման որոշումներն իրենց վրա որեւէ ազդեցություն չեն ունենում ու իբր հենց այդպես են վերաբերում նաեւ Բայդենի հայտարարությանը: 
Էրդողանը պատմում է հայերի հետ կատարվածի՝ հայերի կոտորածի վերաբերյալ Թուրքիայի հորինած պատմությունը: Նորից խեղաթյուրելով պատմական փաստերը՝ ասում է, թե իբր Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերը, օտար պետությունների հրահրմամբ, ապստամբություն են սկսել ու հարձակվել մահմեդականների վրա: Չբավարարվելով այսքանով՝ Էրդողանը ստում է՝ պնդելով, թե իբր այդ ընթացքում ավելի շատ մահմեդական է մահացել, քան հայ: Հետո ագրեսոր երկրի ղեկավարը ասում է, թե, ամեն դեպքում, կատարում է իր մարդասիրական պարտքը, երբ ապրիլի 24-ին այս կեղծ թեզերով ցավակցական նամակ է հղում Թուրքիայի հայ համայնքին: 
Առանց անուն նշելու՝ Էրդողանը քննադատում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին մեջլիս ներկայացրած օրինագծի համար: Թեեւ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը նախագիծը հաջորդ իսկ օրը հետ էր ուղարկել, Էրդողանը չէր բավարարել: Նա Փայլանին անվանում է դավաճան ու բացահայտ սպառնում: 
Հայոց ցեղասպանության իրողությունից հրաժարումը շարունակում է մնալ Թուրքիայի գլխավոր նախապայմանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: 

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում