կարևոր
2062 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-26 16:51

Պահանջելու ենք, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին ճանաչի որպես պետական դավաճան. Կարին Տոնոյան

Պահանջելու ենք, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին ճանաչի որպես պետական դավաճան. Կարին Տոնոյան

Զոհվելուց ընդամենը մեկ օր առաջ իմ որդին՝ Մենուան, զանգեց և ասաց, որ տոտալ դավաճանություն է տեղի ունենում, մեզ գալիս ու համոզում են, որ մի կռվեք, հողերը հանձնված են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

Նրա խոսքով, տեղի է ունեցել սոսկալի, աշխարհում չտեսնված մի դավաճանություն, ինքնադավաճանություն,  որի հետևանքով ամենաշատը տուժել են հենց իրենք։

«Բայց այսօր մեզանից որևէ մեկն անգամ տուժող կողմ չի հայտարարված։ Պատերազմից տուժողի կարգավիճակ կա։ 

Իմ ձեռքին միջնորդություն է, գնում եմ դատախազություն՝ պահանջելու, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին ճանաչի որպես պետական դավաճան։ Բոլոր տվյալներով և այնքան ակնհայտ, որ դրանք անգամ ապացուցելու կարիք չկա, տեղի է ունեցել պետական դավաճանություն և Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի, նա պետք է ճանաչվի մեղավոր։

Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, դավաճան բառը շատ քիչ է իր համար, նա պետք է դատապարտվի օրենքի  անգամ դեռ չհորինված խստությամբ։ Առաջարկում եմ օրենսդիրներին նոր պատիժ հորինել, որպեսզի այլևս որևէ մեկը չհանդգնի իր հայրենիքի, այդքան երիտասարդի հանդեպ այդպիսի հանցանք գործի»,- ասաց Կարին Տոնոյանը։ 

Տոնոյանի խոսքով, այլևս զոհված զինծառայողների ոչ մի ծնող չի ապրում, դատապարտված է գոյության․

«Այս կյանքը մեզ համար ավելի շատ պատիժ է, քան կյանք։ Եվ այդ պատիժը մենք դարձնելու ենք պատիժ բոլոր նրանց գլխներին, ովքեր կփորձեն մեզ օգտագործել որևէ քաղաքական նպատակով, ով կփորձի մեզ խանգարել, որ մենք հասնենք յուրաքանչյուր մեղավորի դատավարությանը։ Մենք հասնելու ենք դրան, եթե անգամ մենակ մնամ, մենակ էլ եմ պայքարելու։

Մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք, որ թողեցինք Հայաստանը հասնի այն վիճակին, որ Փաշինյանի նման ստահակները գան իշխանության»։