Ազգն արթնացել է, մարդիկ գիտակցել են, որ պետք է քշել այս իշխանություններին, որ ունենանք անվտանգ Հայաստան ու Արցախ և արժանապատիվ ապրող քաղաքացիներ։ Ամփոփելով իրազեկման ակցիաների երկրորդ փուլի առաջին օրը Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Երեկ մեր երթին, ակցիաներին, նաև մյուս ակցիաներին շատ մեծ թվով մարդիկ են մասնակցել, վարորդները գրեթե 100 տոկոս ողջունում էին երթի մասնակիցներին ազդանշաններով, ձեռքերով, նաև պատշգամբներից էին մեր քաղաքացիները մեզ ողջունում։
«Այսօր ևս նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ մեր կողմից։ Ժամը 18։00-ին կհավաքվենք Ազատության հրապարակում։ Հնարավոր է, որ իրազեկման երթ անենք»,-նշեց Վանեցյանը և հավելեց, որ այսուհետ Ազատության հրապարակում հավաքներ կլինեն ամենօրյա ռեժիմով, ամենայն հավանականությամբ, ժամն անփոփոխ կմնա՝ 18։00։
Ինչ վերաբերում է երեկ ակցիաների մասնակիցների նկատմամբ ոստիկանության գործողություններին, նա նշեց.
«Երեկ որոշակի կոպտություն եղել է, եղել են ուժի կիրառման դեպքեր, հարվածել են նաև ցուցարարներին։ Հույս ունեմ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության, կշարունակի իրականացնել իր ծառայությունը, չի գնա սրացման, քանի որ անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը, որը տեղի է ունեցել։ Չկա նման ուժ, ոստիկանական ուժեր կամ այլ ուժեր, որոնք կարող են ժողովրդի պոռթկումը կանգնեցել, դա անհնարին է»։
Վանեցյանը շեշտեց, որ իրենք ևս խաղաղության կողմնակից են,բայց այն չպետք է լինի ի հաշվի Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականության, և հայը պետք է իր արժանապատվությունը վերականգնի։