կարևոր
1480 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-25 22:32

Հայկական դրամը բարելավել է դիրքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե մեկ ամիս առաջ հայաստանյան բանկերում կանաչ թղթադրամը կարելի էր ձեռք բերել ավելի քան 500 դրամով, ապա հիմա հայկական դրամը բարելավել է դիրքերը: Տնտեսագետների գնահատմամբ, եթե այս միտումը պահպանվի կդանդաղի գնաճի տեմպը, քանի որ արժեւորված դրամի պայմաններում տնտեսվարողներն արտերկրից ապրանքը դոլարով ներկրելիս ավելի քիչ կվճարեն: Սակայն, Լիլիա Ամիրխանյանը նշում է մեդալը երկու կողմ ունի ու մյուս կողմում՝ արտահանողների համար այն հակառակ ազդեցությունը կունենա: 
Գնաճի տեսակետից սա միանշանակ դրական երեւույթ է, ասում է Գագիկ Մակարյանը, սակայն գնային փոփոխությունը զգալու համար, նրա խոսքով, անհրաժեշտ է, որ հայկական արժույթը տեւական ժամանակ այս մակարդակում պահպանվի: Նաեւ հենց սրա համար մենք ազդեցությունը չենք կարող միանգամից զգալ: 
Իսկ արժեւորման համար տնտեսագետը մի քանի գործոն է առանձնացնում: Տուրիստական ներհոսք, որն այս տարի պատճառներից գլխավորն է, հարկային հաշվետվությունների շրջան եւ կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրուքի բարձրացում: 
Սակայն Գագիկ Մակարյանը փաստում է, որ կենտրոնական բանկը երկար չի կարող պահել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որովհետեւ դա լրջորեն կվնասի տնտեսությանը: Լիլիա Ամիրխանյանն էլ վստահեցնում է՝ Կենտրոնական բանկն անում է այն ինչ պետք է, այստեղ խնդիրն այլ է. որքանո՞վ է կառավարությունը համահունչ գործում նույն այս գործողություններին: 
Թե ինչքա՞ն ժամանակ կպահպանվի դրամի այս վիճակը երկրի տնտեսության գլխավոր պատասխանատուն չի ուզում կանխատեսում անել, բայց նշում է Կենտրոնական բանկն անկախ մարմին է ու իրենք են իրենց դրամավարկային քաղաքականությունը վարում: Գլխավոր դրամատնից էլ փոխանցեցին, որ այս պահին վերլուծություն են իրականացնում, որը կներկայացնեն հաջորդ ամիս: 

 

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում