կարևոր
1387 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-25 21:45

Մակրոնը վերընտրվեց։ Ֆրանսիայի նախագահը խոստացել է վերամիավորել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայի գործող նախագահը վերընտրվեց: Էմանուել Մակրոնը այս պատմությունը կերտել է՝ վստահ հաղթանակ տանելով մրցակից Մարին Լը Պենի նկատմամբ: Մակրոնը հավաքել է ձայների 58,55 տոկոսը, ավելին, քան կանխատեսվում էր: 
Մակրոնը կնոջ՝ Բրիջիթի հետ, Եվրամիության օրհներգի հնչյունների ներքո է մոտեցել Էյֆելյան աշտարակի մոտ հավաքված աջակիցներին: Խոստացել լինել բոլոր ֆրանսիացիների նախագահը ու վերամիավորել երկիրը: 
Ծայրահեղ աջերի թեկնածու Մարին Լը Պենը նախագահի ընտրությունները տանուլ է տալիս արդեն երրորդ անգամ, բայց չի ընկճվում, հակառակը՝ ասում է՝ շարունակելու է պայքարը, քանի որ այս անգամ ավելի մեծ թվով ֆրանսիացիներ են իր կողքին: Հարկերը կրճատելու, միգրացիոն քաղաքականությունը խստացնելու, գլխաշորի կրումն արգելելու Լը Պենի խոստումների օգտին քվեարկել էր ավելի քան 13 միլիոն մարդ: 
Ֆրանսիայի դաշնակիցները եվրասկեպտիկ Լը Պենի նկատմամբ Մակրոնի հաղթանակից գոհ են մնացել: Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Միացյալ Նահանգների ղեկավարները կարծում են, որ սա Եվրոպայի եւ ժողովրդավարության հաղթանակն է: Ֆրանսիայի ղեկավարին շնորհավորել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Կառավարման առաջիկա 5 տարիների ընթացքում Մակրոնը մտադիր է հասկանալ, թե ինչը դրդեց 13 միլիոն ֆրանսիացու քվեարկել Լը Պենի օգտին ու հարթել անհամաձայնությունները: Բայց մինչ այդ, Ֆրանսիայի նախագահին ամռանը նոր մարտահրավեր է սպասվում: Հունիսին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ եւ արդեն աջակիցների հսկայական բանակ ունեցող Մարին Լը Պենը հայտարարել է՝ սկսում է մեծ պայքար՝ օրենսդիրի համար: 

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը