Միմյանց հետ շղթա կազմած ու 45 համարի երթուղու ավտոբուսի տանիքն օգտագործելով՝ երիտասարդները փակել էին Կոմիտասի պողոտան ի նշան բողոքի եւ իրականացնում էին իրազեկման ակցիա: ՀՅԴ ՀԵՄ անդամներն ու համակիր երեիտասարդները, քաղաքացիներին ոտքի կանգնելու կոչով մտահոգ մարդկանց հրավիրել են Արաբկիրի Սուրբ խաչ եկեղեցու մոտ երեկոյան 18:30-ին սկսվող՝ երթին:
Բողոքի իրազեկման ակցիայի վայրից ոստիկանությունը բերման էր ենթարկել 5 երիտասարդի: Նրանց տարել էին Արաբկիրի ոստիկանություն, ուր ի աջակցություն երիտասարդների մոտ էին գնացել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդեւանյանն ու Էլինար Վարդանյանը:
Մինչ Երեւանյան այս ակցիան առավոտյան Իջեւանից մեկնարկել էր քաղաքացիների երթ դեպի Երեւան: Նման երթեր են մեկնարկելու եւս 3 խորհրդանշական վայրերից: Իջեւանից քաղաքացիների հետ քայլում էին Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը եւ Ասպրամ Կրպեյանը: «Եթե մենք թույլ տանք, որ այս վարչախումբը շարունակի ղեկավարել՝ Հայաստանը որպես այդպիսին էլ չի լինելու»:- այս մասին ասաց քայլերթի մասնակից, պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Մինչ քայլերթի մեկնարկը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ մի քանի օր անց տարբեր ուղղություններով Երեւան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորեն մայրաքաղաքի սրտում: Իսկ մինչ այդ Երեւանում իրականացվելու են ամենօրյա իրազեկման ակցիաներ եւ երթեր:
Ճանապարհին մեր հայրենակիցները քայլերթի մասնակիցներին ողջունում եւ բարի երթ են մաղթում:
Մանրամասները ներկայացնում է Անի Նահապետյանը