կարևոր
1603 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-25 17:37

Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Ամերիկայի գավաթի համար

Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Ամերիկայի գավաթի համար

Սենթ Լուիսում ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունում հանդես եկող հայազգի շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը չկարողացան հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը։ Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը 0,5։1,5 հաշվով պարտվեց ԱՄՆ ներկայացնող կուբացի շախմատիստ Լենիեր Դոմինգեսին։ Ամերիկահայ Սամուել Սևյանը Ֆաբիանո Կարուանայի հետ մրցամարտում ոչ-ոքի էր ավարտել դասական շախմատի երկու պարտիաները, իսկ ահա արագ շախմատում երկու պարտություն էր կրել՝ 1։3։

Ըստ կանոնակարգի նրանք ելույթները շարունակեցին սփոփիչ մրցաշարում։ Լևոն Արոնյանը հաղթեց Վեսլի Սոյին, իսկ ահա Սամուել Սեևյանը զիջեց Ռեյ Ռոբսոնին։ Հայ շախմատիստն այժմ կպայքարի սփոփիչ մրցաշարի եզրափակիչի ուղեգրի համար։ Հաղթանակի դեպքում Լևոն Արոնյանը կհանդիպի Ֆաբիանո Կարուանա - Լենիեր Դոմինգես եզրափակիչի անհաջողակի հետ։ Այդ արգելքը հաղթահարող շախմատիստը վճռորոշ մրցամարտում կհանդիպի հիմնական մրցաշարի հաղթողի հետ։

Հիմնական մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում անհաջողության է մատնվել նաև զուգահեռ ընթացող կանանց գավաթի խաղարկությանը մասնակցող հայազգի Տաթև Աբրահամյանը, որը 0։2 հաշվով պարտվել է Ալիս Լիին։ Սակայն, հայազգի շախմատիստուհին սփոփիչ առաջին մրցամարտում հաղթել է Կատերինա Նեմցովային և հաջորդ փուլում կհանդիպի Գուլռուխբեգիմ Տախիրջոնովայի հետ։

Մրցաշարերը կավարտվեն ապրիլի 29-ին։