կարևոր
616 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-25 16:21

Օրվա իշխանության և իրականության խզումն այլևս անդառնալի է. Թադևոս Ավետիսյան

Օրվա իշխանության և իրականության խզումն այլևս անդառնալի է. Թադևոս Ավետիսյան

Հայ մարդն ունի հարատևման համար անհրաժեշտ և բավարար ներուժ։ Հայը իմաստուն, աշխատող, արարող, ստեղծագործ տեսակ է։ Սա մեր հազարամյա պատմության ընթացքում աներկբա ապացուցված փաստ է։ Հայն ունի հավաքական այս բնութագիրը համաշխարհային մեծ ընտանիքում։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է ՀՅԴ կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը.

«Ակնհայտ է նաև, որ մեր երկրում նախորդ չորս տարիներին հանրային կյանքի դժվարացող պայմանների, սոցիալական առաջանցիկ խնդիրների և խորացող լարվածության, մարդկանց իրական եկամուտների կայուն նվազման և աղքատության կայուն աճի հիմնապաճառներն են՝

- իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու իրավիճակի շարունակական խեղաթուրումները,

- ապիկարությունը և հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած ձախողումները,

- փնթի արդարացումները, համատարած անպատասխանատվությունը և մտացածին մեղավորներ գտնելու հիվանդագին մոլուցքը։

Այս առարկայական հաստատումներն, ի վերջո, «ականջներին օղ» պիտի անի օրվա ձախողակ և ապաշնորհ իշխանությունը։

Ցավոք, իրականում հակառակն է։ Ամեն օր ականատեսն ենք իշխանությունն ամեն գնով պահելու առավել վտանգավոր դրսևորումների։

Բանաձևը նույնն է՝ այն է, ինչով եկան իշխանության․

«ականջահաճո խոստումներ՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով – բացարձակ անպատասխանատու առաջնորդություն՝ համատարած ձախողումներով – կեղծ արդարացումներ՝ ավելի մեծ ստերով և իրավիճակի մանիպուլիացիաներով – ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահ՝ ազգային և հանրային շահի փոխարեն»։

Հատկանշական է բերված փաստերի դրսևորման նաև վերջին օրինակը։

Կառավարության նախորդ նիստում սոցիալական տասնյակ ցուցանիշներից առանձնացրել էին վիճակագրական մեկ ցուցանիշ, որը ինչ-որ չափով ունի դրական միտում։ Եվ այս ցուցանիշով էլ շուրջ մեկ ժամ խաղացին իրավիճակը խեղաթուրելու, հանրությանը մոլորեցնելու իրենց հերթական սցենարը։

Խոսքը վերաբերում է 2021 թվականի մարտի համեմատ՝ այս տարվա մարտին միջին աշխատավարձի շուրջ 15 տոկոսով աճին։ Ընդամենը մեկ ամիս և մեկ ցուցանիշ։ Ընդ որում՝ այս տարվա հունվար-փետրվարին միջին ամսական աշխատավարձի աճի հրապարակված ցուցանիշները համապատասխանաբար կազմել են՝ 6,2 և 7,8 տոկոս։ Ի դեպ, մարտի ցուցանիշը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, բայց «շեֆն» այն արդեն հրապարակեց։ Եվ ՀՀ վիճակագրական կոմիտեն էլ հերթական անգամ ստիպված է լինելու «շեֆի» ասած թիվը նկարել։

Այս անգամ նկարելը կրկնակի դժվար է լինելու․ միջին ամսական աշխատավարձի 15 տոկոս աճ ցույց տալ, երբ օրինակ տնտեսական ակտիվությունն ավելացել է շուրև երկու անգամ պակաս՝ ընդամենը 6,7 տոկոսով, արդյունաբերության ծավալը նվազել է 7 տոկոսով և այլն։

Այնուամենայնիվ, առիթ ստեղծեցին, դրանից «հաճելիորեն» զարմացան և մոռացան նախորդ առնվազն երկու տարիներին արձանագրվող առաջանցիկ գնաճը, որն ընդհանուր առմամբ գերազանցել է միջին աշխատավարձի աճը։

Մոռացան, որ այս ընթացքում խոստացել, սակայն չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը։ Դրանց բարձրացումը նախատեսված չի նաև 2022 թվականին։

Հիշեցման կարգով՝ հատկանշական այլ փաստեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են բնակչության իրական եկամուտների փոփոխությանը՝ սոցիալական ազդեցության տեսանկյունից։

Աշխատողների շուրջ 46 տոկոսը՝ 300000 աշխատողներ ստանում է մինչև 110000 դրամ անվանական աշխատավարձ։ Այսինքն՝ աշխատում են, բայց չափավոր աղքատ են։ Ստանում են նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր տնօրինվող աշխատավարձ (առանց հարկերի)։

Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 2020 թվականի 1-ին եռամսյակին կազմել է 61390 դրամ, իսկ 2021 թվականի 4-րդ եռամսյակին՝ 71570 դրամ, աճը շուրջ 17 տոկոսով։

Դրան էլ գումարենք 2022 թվականի հունվար-մարտ ամիսների միջին գնաճը՝ 7,8 տոկոս, իսկ միայն սննդամթերքի գների աճը՝ 12,3 տոկոս, այդ թվում առաջին անհրաժեշտության ապրանքներից պանիրը՝ 16 տոկոս, բանջարեղենը՝ 36 տոկոս, կարտոֆիլը՝ 71 տոկոս, շաքարը՝ 21 տոկոս, բենզինը՝ 31 տոկոս, դիզ․ վառելիք՝ 43 տոկոս և այլն։

Գումարենք նաև՝ հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացումը՝ 11 տոկոսով, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնինը՝ միջինը շուրջ 6 տոկոսով, ապրիլի 1-ից բնական գազի սակագնինը՝ 3,5-4 տոկոսով։

Ամփոփելով՝ սոցիալական խոստումների և իրականության խզումն այլևս անդառնալի է։ Եվ մոտ է այն օրը, երբ այս իշխանությունների կողմից անսահման ստի բեմականացման հերթական փորձը կդառնա վերջինը ․․․»