կարևոր
928 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-25 13:06

Սա մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի պայքար չէ. ամբողջ ազգը պիտի միավորվի․ Սեյրան Օհանյան

Սա մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի պայքար չէ. ամբողջ ազգը պիտի միավորվի․ Սեյրան Օհանյան

Հայոց պատմության մեջ չի եղել տևական մի դարաշրջան, երբ վտանգված չլինեն մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը, պետության գոյությունը։ Հաղթել ենք, երբ ազգի բոլոր ուժերը միավորելով` անձնուրաց պայքար ենք մղել և ոչ թե խնդրել, այլ նվաճել ենք խաղաղությունը: Պարտվել ենք, երբ խաթարվել է այդ կուռ, համազգային միասնությունը, ինչպես 2020 թ.-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ 

«Այսօր էլ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բարդ զարգացումների, վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը կանգնած է նույն մարտահրավերների առաջ։ Չգիտակցել այդ ամենը կամ տրվել Թուրքիայի, Ադրբեջանի հետ խաղաղության կեղծ օրակարգին՝ նշանակում է տառապել քաղաքական անհեռատեսությամբ և թույլ տալ, որ օրեցօր օղակը ավելի սեղմվի՝ անդառնալի հետևանքներ ունենալով ողջ ժողովրդի, մեր պետականության համար։

Այո, փաստերը վկայում են, որ Արցախի և Հայաստանի դեմ այսօր աշխարհի խոշոր ուժերից են խաղում։ Սակայն որքան էլ «տպավորիչ» լինի հակամարտող կողմերի հարաբերությունը, մենք իրավունք չունենք հուսահատվելու կամ համակերպվելու մեզ պարտադրված անընդունելի զիջումների հետ։ Եվ կարո ՛ղ ենք բեկել հայ ժողովրդի դեմ ծրագրված հերթական դավադրության ընթացքը, եթե անձնական շահերը մի կողմ թողնելու քաջություն ունենանք ու նորի՛ց համախմբվենք՝ կողք կողքի կանգնած, մի բռունցք դարձած շարունակելով պայքարը՝ թիմային համակարգված, փոխլրացնող աշխատանքով ու վճռականությամբ։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ նույնիսկ փոքր ազգերը, կենաց ու մահու պայքար մղելով, պաշտպանել են իրենց ապրելու իրավունքը, հաղթել ու պետություն են կառուցել:
Երբ ղեկավարն ու նրան ենթակա օղակները, հրամանատարն ու զինվորները նույն շարքում են և կրակը միասին են վերցնում իրենց վրա, երբ շարքերը կուռ են, ու թիկունքն ամուր է՝ առաջ անցնելու, նոր գիծ կազմելու և լրացնելու մարտավարությամբ, հաջողությունն անխուսափելի է դառնում։ Իսկ եթե շարքում փախուստի դիմած դասալիքներ կան, և նրանց տեսնելով` կազմը նոսրանում ու չի լրացվում, սկսվում է խուճապը, և պարտությունը դառնում է տրամաբանական, ինչպես 44-օրյա պատերազմում, երբ առաջին գծում անձնազոհ մարտնչող մեր զինվորների, սպաների, կամավորականների շարքերը չհամալրվեցին, և թիկունքը բաց մնաց։

Այսօր «Հայաստան» դաշինքը սկսում է անդադար բողոքի գործողություններ՝ ընդդեմ ՀՀ իշխանության, որ, Հայկական հաղթանակած բանակը կազմաքանդելով, Արցախն ու Հայաստանը տարավ պատերազմի ու պարտության` նախ հանձնելով պատմական Արցախի հայկական բնակավայրերը՝ Շուշին, Հադրութը, բազմաթիվ շեներ, ապա թույլ տալով ադրբեջանական զինուժին անարգել ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ տեղակայվելով ռազմավարական կարևորագույն բարձունքների, ճանապարհների վրա և դեռ շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ իր իսկ հայտարարություններով, Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած «խոստովանություններով» հաստատելով դա։

Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վե՛րջ, որովհետև խաղատախտակին Արցախի, Հայաստանի լինելիության հարցն է դրված։ Ուստի կո՛չ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին` ակտիվ մասնակիցը դառնալ այդ պայքարի և չմնալ անտարբեր կամ իրեն անզոր համարող դիտորդի կարգավիճակում:

Մեզ համար կարևոր չեն այն շահարկումները, թե ով կամ ում է միանալու։ Սա մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի պայքար չէ. ամբողջ ազգը պիտի միավորվի և միասնական, վճռական կամքով պաշտպանի իր պետությունը, հայ ժողովրդի լինելիության իրավունքը:
Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր հանուն Արցախի և Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած մեր որդիներին, մարտական ընկերներին, նրանց հարազատներին, ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ քայլող, կրակոտ աչքերով «պայքա՛ր, պայքա՛ր» վանկարկող մանուկներին ու ծերերին մենք պարտք ենք Հայրենիք՝ նորից հաղթանակած, խաղաղ, հզոր»