«Իրազեկման առաջին փուլի գործողությունը մենք հասցրել ենք ավարտին, ունենք գրեթե 100 տոկոսանոց արդյունք»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Այստեղ եկել են տարբեր քաղաքական հայացներ ունեցող մարդիկ, և ժամանակն է եկել վերջ դնելու այս իշխանության գոյությանը քաղաքական ասպարեզում։ Երկրում ստեղծված միջավայրը խոսում է նրա մասին, որ կա 100 տոկոսանոց կոնսեսուս, որ այս իշխանությունները տապալվել են բոլոր ուղղություններով։ Շարունակում ենք մեր անժամկետ միջոցառումները, կրկին Ազատության հրապարակում ենք և կրկին գիշերելու ենք այստեղ»,- ասաց նա։
Վանեցյանն ասաց, որ ապրիլի 17-ից ի վեր Ազատության հրապարակ են եկել հազարավոր մարդիկ, հայրենասերներ, որոնք հասկանում են, որ երկիրն իրապես գտնվում է վատ վիճակում, հասկանում են, որ եկել է ժամանակը հստակ պահանջով վերջ դնել այս իշխանությունների գոյությանը քաղաքական ասպարեզում։
«Ժողովուրդը չպետք է հիասթափվի, ժամանակ չունենք, այդ ժամանակը արդեն բաց ենք թողել և պետք է գործենք շատ արագ։ Վստահ եղեք, որ այս պայքարը որևէ մեկը չի առաջնորդում իր շահերը առաջ մղելու համար։ Այս շարժումը չպետք է ունենա հստակ ընտրված առաջնորդ, հակառակ դեպքում մարդկանց թվալու է, թե եկել ենք ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելու պահանջով, բայց նման բանի մասին խոսք չկա, որևէ մեկը չունի այն ամբիցիան, որ ես եմ և վերջ։ Հետքայլի տեղ մենք չունենք, եթե այս անգամ չհաջողեցինք, արդեն կարող ենք խոսել մեր պետականության կորստի մասին»,- ասաց Արթուր Վանեցյանը։