Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ Երեւանում ավանդաբար դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ջահերով երթ է իրականացվում: Այս տարվա ջահերով երթն ուներ <<Զարթի՛ր լաո>> կարգախոսն ու աննախադեպ էր մասնակիցների թվով: Դա էր նաեւ պատճառը, որ այն մեկնակեց ոչ թե Ազատության, այլ Հանրապետության հրապարակից:
Ամեն տարի ջահակիրների թիվը չէր անցնում 200-ը: Այս տարի նրանց թիվը հասել էր 1000-ի: Բազմաթիվ մարդիկ գրանցվել էին օնլայն, նախօրոք հանդիպել կազմակերպիչների հետ ու հրապարակ եկել՝ ջահ ստանալու: Ջահակիրները շարվել էին 12 հոգանոց շարքերով: Ջահերով երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները: Միասնական երգեցին Զարթիր Լաո երգը։
Իսկ մինչ այդ նրանց դիմեցին ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ Երիտասարդական միության կենտրոնական վարչության նախագահ Գոռ Սարգսյանը:
Ջահերով երթի երթուղին այս անգամ բավականին ընդգրկուն էր: Այն մեկնարկեց Հանրապետության հրապարակից, անցավ Ամիրյան փողոցով, Մաշտոց, Բաղրամյան պողոտաներով ու Կասյան փողոցով միայն հասավ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:
Ողջ ճանապարհին երթի մասնակիցները տեսնում էին ճանապարհին շենքերի պատշգամբներում ու պատուհաններին դրված մոմեր, դրանք այս տարի աննախադեպ շատ էին, բացի այդ, քաղաքացիներն իրենց պատշգամբներից, կամ պատուհաններից կախել էին Եռագույններ կամ Արցախի դրոշներ: Ջահերով երթին ամեն տարի կարեւոր դեր ունի Հայ Մարմնակարթական Ընդհանուր Միությունը: Սկաուտները Ծիծեռնակաբերդի բարձունք են բարձրացնում աշխարհի այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդ դրոշները երթի ավարտին խորնարհվում են հուշահամալիրի անմար կրակի մոտ, որպես ճանաչման համար շնորհակալություն ու պայքարի շարունակություն, որպեսզի ցեղասպան Թուրքիան եւս ճանաչի ու որ այլ ցեղասպանություններ չկրկնվեն, ինչպես շարունակաբար, անգամ մեր օրերում կրկնվում են մղվող պատերազմների ընթացքում: Սակայն որպես աննախադեպ մարդաշատ ու աննախադեպ արտաքին քաղաքական իրավիճակում կազմակերպված ջահերով երթ, այս անգամ երթն ավարտվեց Իշխան Սաղաթելյանի խոսքով:
Լաոն զարթնեց, համարեցին կազմակերպիչները՝ արձանագրելով երթին մասնակից մտահոգ մարդկանց թիվը, ովքեր պայքարի ոգով էին երթին միացել, լավ գիտակցելով, որ այն միշտ եղել է պահանջատիրական հայ ժողովրդի իրավունքների վերականգնման պահանջի երթ:
Մանրամասները ներկայացնում են Անի Նահապետյանը, Ալիսա Մելքոնյանը, Լիլիթ Մանուկյանը