կարևոր
1414 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-24 21:22

Թուրքական ժխտողականության դրսևորում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի արտգործնախարարը, Ուրուգվայի մայրաքաղաքում իր այցի դեմ բողոքող հայերին, մեքենայից ցինիկ ժպիտը դեմքին ցույց է տալիս թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը: 
Մեւլութ Չավուշօղլուն Մոնտեվիդեոյում մասնակցում էր Թուրքիայի դեսպանատան բացման արարողությանը: Սակայն խորհրդանիշերին մեծ տեղ հատկացնող երկրի արտգործնախարարի այցն ու ցինիկ պահվածքը, Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցից ընդամենը մեկ օր առաջ, պատահական չէր: Ուրուգվայն առաջին երկիրն է, որ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը պաշտոնապես ճանաչել է որպես ցեղասպանություն: Դեպքից հետո Ուրուգվայում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն: Հատկանշական է, որ Չավուշօղլուի այս ժեստից ժամեր անց, Ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրադարձել է «տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու» կառավարության օրակարգին՝ հույս դնելով Թուրքիայի անկեղծության վրա: 
Թուրքիան անկեղծ ձգտում է հավերժ փակել Հայոց ցեղասպանության հարցը: Եվ այս տարի էլ Թուրքիայի նախագահը, Պոլսո Հայոց պատրիարքին եւ հայ համայնքին հղած իր ապրիլքսանչորսյան ավանդական ուղերձում, նորից խեղաթյուրել է պատմությունը, փաստացի, հորդորելով մոռանալ անցյալը ու շարժվել չակերտավոր խաղաղության ուղղությամբ: 
Թուրքիայում բացեիբաց հայտարարում են, որ այդ դրական գործընթացին խանգարում է Ցեղասպանության հարցի բարձրաձայնումը: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հետ է ուղարկել ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանի ներկայացրած օրինագիծը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Որոշումն էլ հիմնավորել է այն հանգամանքով, թե իբր առաջարկը հակասում է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրությանը: Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից ողջունել են խորհրդարանի նախագահի այդ քայլը նորից ժխտել Ցեղասպանության փաստը ու անգամ պահանջել Փայլանից ներողություն խնդրել թուրք ազգից՝ սպառնալով իրավական գործընթացներով: 
Պաշտոնական Անկարան ապրիլի 24-ին փաստացի եւս մեկ անգամ հասկացրեց, որ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը նախ պետք է կատարի Թուրքիայի գլխավոր նախապայմանը՝ հրաժարվի Հայոց ցեղասպանության իրողությունից: 

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը