կարևոր
856 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-04-24 18:45

Ստամբուլում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհ հայ մտավորականների հիշատակին

Ստամբուլում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհ հայ մտավորականների հիշատակին

Ստամբուլի հայաշատ Քուրթուլուշ թաղամասում, որը ցեղասպանության տարիներին կրում էր Թաթավլա անունը, հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների հիշատակին, հայտնում է Ermenihaber-ը։

107 տարի առաջ ապրիլի 24-ից մի քանի օր առաջ հենց այս թաղամասում սկսվեց հայ մտավորականության ձերբակալությունը: 

Հարգանքի տուրք է մատուցվել նաև «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին և Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայ Սևակ Բալըքչըին:

Միջոցառմանը մասնակցել է Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը: Միջոցառման մասնակիցները կոչ են արել Թուրքիայի իշխանություններին առերեսվել իրականության հետ և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

«Այլևս չենք ցանկանում, որ այս հողերը տեսնեն Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին, Բեհաեդդին Շաքիրին»,-նշվել է հայտարարության մեջ:

«Ցանկանում ենք, որ  այս հողերը բոլոր ժողովուրդների և հավատքների համար շարունակեն լինել մի հայրենիք, որը կունենա Զաբել Եսայանի, Կոմիտասի, Մկրտիչ Մարգոսյանի, Հրանտ Դինքի, Սարգիս Սերոփյանի, Ահմեթ Քայայի, Յաշար Քեմալի, Թահիր Էլչիի եղբայրական ոգին»,-նշել են միջոցառման մասնակիցները: