կարևոր
1303 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-23 11:28

Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում ընդունելություն է կազմակերպվել

Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում ընդունելություն է կազմակերպվել

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով տեղի ունեցավ ընդունելություն՝ բազմաթիվ խորհրդարանականների, Փարիզի քաղաքային խորհուրդի անդամների և հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։ Ընդունելության մեկնարկին ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահները: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժխտողականության դատապարտման անհրաժեշտությանը՝ ընդգծելով դրա կարևորությունն ինչպես համայն հայության համար, այնպես էլ ցեղասպանությունների կանխարգելման և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային պայքարի տեսանկյունից: Դեսպանը հիշեցրեց նաև այն կարևոր դերակատարման մասին, որ Ֆրանսիան ունեցել է ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու հարցում՝ շեշտելով, որ Ֆրանսիայում ապաստանած հայ գաղթականների սերունդները, պահպանելով իրենց ազգային ինքնությունը, միևնույն ժամանակ դարձել են Ֆրանսիայի լիիրավ և պատասխանատու քաղաքացիներ՝ մեծ ավանդ ունենալով Ֆրանսիայի զարգացման և հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման գործում։

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Փարիզի քաղաքային իշխանություններին, ի դեմս քաղաքապետ Հիդալգոյի, մշտապես Հայաստանի և Արցախի կողքին լինելու համար։ Նա հիշեցրեց, որ Փարիզի քաղաքային խորհուրդն առաջիններից էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ընդունեց բանաձև՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Իդալգոյին, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ Փարիզի սրտում Հայաստանի էսպլանադի բացման նախագծի կյանքի կոչման համար։